Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղցկեղի առաջացման պատճառները Հայաստանում (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-qaxckex

Այս տարվա հունվարի 14-ին WorldLifeExpectancy.com կայքում հրապարակված  հետազոտության համաձայն՝ Հայաստանը աշխարհի 172 երկրների շարքում զբաղեցնում է առաջին հորիզոնականը քաղցկեղային հիվանդություններից մահացության թվով: Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Գրիգոր  Բադալյանը  կոռեկտ չի համարում նման հարցի վերաբերյալ երկրների դասակարգումը: Նա պնդում է,որ այդ տվյալները որևէ լուրջ հիմքեր չունեն: «100 հազար բնակչին 279 մահացության դեպքը չի  համապատասխանում իրականությանը: 2015թ-ի տվյալները դեռևս վերջնական հաշվարկված չեն, բայց 2014թ-ի տվյալների համաձայն՝ մահացության թիվը կազմել է 188-189 հոգի 100 հազար բնակչից»,-նշում է նա՝ հավելելով, որ այս  տվյալները համապատասխանում են նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների հետ: Այսուհանդերձ,պարոն Բադալյանը փաստում է,որ տարեցտարի քաղցկեղով հիվանդացության դեպքերը 3-4 %-ով ավելանում են, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: «2010թ-ին մենք ունեցել ենք  չարորակ քաղցկեղով հիվանդ 7593 առաջնակի դեպք,իսկ արդեն 2014թ-ին՝ 8365, այսինքն` այս չորս տարվա մեջ 9-10%-ով ավելացել է»: Անդրադառնալով դրա առաջացման պատճառներին՝ Գրիգոր Բադալյանի նշեց, որ պատճառները շատ են ու բազմապիսի: «Հիմնական պատճառը սնունդն է, կանցերոգեն նյութերն են, ծխելը և այլն: Տարբեր երկրներում քաղցկեղի առաջացման պատճառները տարբեր են: Այս ամենը, սակայն,  կազմում է քաղցկեղի առաջացման միայն 50-60%, իսկ մնացյալ մասը բժշկության համար մնում է անհայտ»: «Ա1+»-ի խնդրանքով պարոն Բադալյանն անդրադարձավ տարածված դեպքերի՝ շեշտելով  հետևյալը. «Հայաստանում տղամարդկանց մոտ առաջին հերթին թոքի քաղցկեղն է՝ ծխելու հետևանքով, հետո ստամոքսաաղիքային տարբեր հատվածների քաղցկեղը ,իսկ կանանց մոտ՝ կրծքագեղձի, հետո արգանդի վզիկի, նաև թոքի և ուղիղ աղիքի քաղցկեղն է»: Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը տեղեկացրեց, որ 2014թ-ի տվյալներով 0-ից 14 տարեկան երեխաների մոտ գրանցվել է մահվան 18 դեպք,իսկ հիվանդացության թիվը  դեռևս ճշգրտվում է: «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն  Խաչանուշ Հակոբյանի խոսքերով՝ քաղցկեղի բուժումը հնարավոր է դեռևս նախաքաղցկեղային փուլում, ճիշտ ժամանակին կանխարգելման միջոցով: