Ամուսնալուծության ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է (տեսանյութ)
2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը մեր երկրում կազմել է 2 մլն 998 հազար 600 մարդ: Նախորդ տարվա համեմատ՝ բնակչության թվաքանակը նվազել է շուրջ 12.000-ով կամ 0,4 տոկոսով: Տվյալներն այսօր ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «Նվազումն արձանագրվել է միգրացիայի -26.000 ցուցանիշի և բնական շարժի շուրջ 14.000 մարդու՝ ծնունդների և մահերի տարբերության արդյունքում»,-շեշտեց նա: Կենդանի ծնվածների ցուցանիշը երկրում կազմել է 41.815, այսինքն, յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով շուրջ 14 երեխա է ծնվել: Նախորդ տարվա համեմատ այստեղ էլ նվազում կա 0,4 կետով: Ծնելիության ամենաբարձր ցուցանիշը Երևանում է՝ 14, 9 տոկոս, հետո հաջորդում են Արարատի, Շիրակի և Կոտայքի մարզերը: Մնացած մարզերում միջին հանրապետականից ավելի ցածր ցուցանիշ է արձանագրվել: Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, տիկին Կույումջյանը նշեց. «Նախորդ տարի արձանագրվել է 27. 835 մահվան դեպք: 2014-ի համեմատ՝ ավելացում կա 0,4 տոկոսով: 1000 բնակչի հաշվով 9 և ավելի մահվան դեպք է արձանագրվել»: 2015-ին ամուսնացել է 17.603 զույգ, 2014-ի համեմատ նվազում կա 6,9 տոկոսով: Ամուսնալուծությունները նույնպես նվազել են. 3669 դեպք, մինչդեռ 2014-ին ունեինք 4496: «1000 բնակչի հաշվով մեկ ամուսնալուծություն է տեղի ունեցել: Ամուսնալուծության ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է»։ Դրական նվազումներից է նաև երեխաների մահացության դեպքերի կրճատումը, մասնավորապես 0-4 տարեկանների դեպքում: Նախորդ տարի սահմանին մուտքերի և ելքերի 5 մլն 462.000 գրանցում է եղել: «2015-ի 2-րդ կիսամյակում մեր երկրում ապաստան է հայցել 160 մարդ, 32-ի դեպքում դիմումները մերժվել կամ կասեցվել են: Փախստականի կարգավիճակ է տրվել 130 մարդու»,-հայտնեց ԱՎԾ ներկայացուցիչը: