Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցներում դասերը կսկսվեն, բայց ֆիզկուլտուրա չեն պարապի

Հասարակություն
923f24ff790cfb860a1abd7e8a741814

Փետրվարի մեկից հանրապետության բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները կբացեն իրենց դռները երեխաների առջեւ: Առողջապահության նախարարությունը այս անգամ դասերը հետաձգելու  առաջարկությամբ հանդես չի գա: «Չնայած հասկանում ենք, որ դա բավականին ռիսկային է եւ համատեղ աշխատանք պետք է  տանենք, որ երկրորդ ալիքը չունենանք: Պետք է պահպանենք լիարժեք ջերմային ռեժիմը: Դպրոցներում եւ մանկապարտեզներում արդեն սկսվել է ջերմային մոնիտորինգը»,-   այսօր հայտարարեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Նա ծնողներին խորհուրդ տվեց  նույնիսկ հիվանդության թեթեւ նախանշաններ  ունեցող երեխաներին չտանել դպրոց կամ մանկապարտեզ: Դպրոցներում  էլ ժամանակավորապես չեն պարապի «Ֆիզիկական կուլտուրա» առարկան եւ բուֆետները եւս չեն գործի: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը նաեւ նշեց, որ հանրապետությունում առկա իրավիճակը համահունչ է եվրոտարածաշրջանի երկրներում առկա իրավիճակի հետ։ Անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակներով եւ թոքաբորբերով հոսպիտալացումների գրեթե տասնհինգ տոկոս, իսկ պոլիկլինիկական կազմակերպություններ եւ «Շտապ օգնություն» դիմած հիվանդների՝ գրեթե 50-60 տոկոս նվազում: Նա նաեւ տեղեկացրեց, որ սահմանային անցակետերում եւս ուժեղ հսկողություն է իրականացվում: