Խմորումներ ջազային պետական քոլեջում (տեսանյութ)
Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողների անունից բաց նամակ է հրապարակվել դասադուլ սկսելու մասին՝ պահանջելով տնօրենի պաշտոնում վերականգնել Լևոն Սահակյանին։ Ուսանողների մի մասը, սակայն, չի մասնակցում դասադուլին։ «Ա1+»-ի հետ զրույցում ուսանողները նշում են. «Մենք առավոտ 9:30-ից դասի ենք եկել , դաս ենք արել: Մեր խնդիրը դասի գալն է, մնացածը մեզ չի վերաբերում»: «Ես ցանկություն ունեմ, որ հետ գա ընկեր Սահակյանը, բայց դասադուլ՝ ոչ»: «Երբ ինձ մոտեցան ուսանողները և ասեցին, որ տնօրենին փոխում են, դու դեմ ե՞ս դրան, ես ասեցի, իհարկե, դեմ եմ, իհարկե, կստորագրեմ , որ նրան չփոխեն, բայց որ պարապմունքներին չեմ գալու, նման բան նամակում ընդհանրապես չկար»: Տնօրենի պարտականությունները կատարող Անահիտ Մազմանյանը չցանկացավ խոսել տեսախցիկի առջև՝ պատճառաբանելով, որ լրագրողներից հոգնել է: Նա ասաց միայն հետևյալը. «Քոլեջում դասադուլ չկա, դասերը ընթանում են իրենց առօրյայով, դասացուցակի համաձայն: Ուսումնական պրոցեսը խափանված չի, տնօրենին ազատել են հունվարի 12-ից ու ես եմ հունվարի 12-ից ժամանակավոր պարտականությունները կատարում, վերջ, ուրիշ ասելիք չունեմ»: Մեր նկարահանումների ժամանակ, քոլեջում ներկա էին հաշված թվով ուսանողներ, ինչը տիկին Մազմանյանի պնդմամբ՝ պայմանավորված է դասաժամերի ավարտով: ԿԳՆ-ին ուղղված նամակում ուսանողները գրել են,որ Լևոն Սահակյանը ավելին է եղել, քան սոսկ տնօրենը: Ըստ նրանց՝ քոլեջը երկար տարիներ եղել է բարձիթողի վիճակում եւ միայն Լևոն Սահակյանի աշխատանքի շնորհիվ սկսել է վերականգնել իր երբեմնի հեղինակությունը: «Նրա հետ աշխատանքային պայմանագիրը խզվել է նախարարի հրամանով, որի համար հիմք է հանդիսացել նախարարության ներքին աուդիտի ուսումնասիրությունները: Խախտումները տարբեր բնույթի են: Այդ խախտումների հետ մեկտեղ քոլեջը նախորդ տարիներից ունեցել է պարտքեր : Լևոն Սահակյանի վատ կառավարման արդյունքում այդ պարտքերը ոչ միայն չեն նվազել, այլ ավելացել են»,-մեզ հետ զրույցում շեշտեց ԿԳՆ աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Նոր տնօրենի պաշտոնի համար հայտարարվելու է մրցույթ։ Մանրամասները՝ տեսանյութում: