Ոչ ավանդական կապ՝ քաղաքացու և կառավարության միջեւ
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կոլբա» նորարարական լաբորատորիան սկսում է նոր ծրագիր՝ «Նորարար առաջընթաց»: Ծրագրի նպատակն է ոչ ավանդական միջոցներով ստեղծել կապ՝ քաղաքացու ու կառավարության միջեւ: Կազմակերպիչները վստահ են՝ քաղաքացիների մասնակցությունը կառավարման գործընթացներին կարեւորություն է ստանում ամբողջ աշխարհում: Այս գործընթացը, ըստ նրանց, նպաստում է կառավարության նկատմամբ վստահության բարձրացմանը: Ծրագիրը նախատեսում է բաց մրցույթների իրականացում, որտեղ սովորական քաղաքացիները կարող են իրենց գաղափարներն ու ծրագրերը առաջարկել երկրի այս կամ այն խնդիրը լուծելու համար. «Ամեն ինչ արվում է առցանց: Հայտարարվում է խնդիրը ու ասվում՝ ունե՞ք արդյոք այլընտրանքային լուծում խնդրի համար: Քաղաքացին առաջարկում է իր գաղափարը: Մենք գտնում ենք լավագույնները եւ դարձնում ծրագրեր, կառավարության աջակցությամբ, իհարկե, որպեսզի այն ներդրվի համակարգի մեջ»,- նշում է «Կոլբա» նորարարական լաբորատորիա ղեկավար Մարինե Մխիթարյանը: «Ա1+»-ի դիտարկմանը, թե ժողովուրդն այսօր չունի վստահություն կառավարության նկատմամբ, քանի որ նրանց բարձրաձայն հարցերը հիմնականում հաշվի չեն առնվում, որքանո՞վ եք վստահ, որ ծրագրի շրջանակներում դրանք լսելի կդառնան կառավարության համար, Մարինե Մխիթարյանը արձագանքեց. «Կառավարությունները վստահություն չունեն ամբողջ աշխարհում, նրանք մարդկանց հետ հակառակ բեւեռներ են, իսկ ծրագրի միջոցով չեմ ասում հնարավոր է վերացնել, բայց հնարավոր է մեղմել այդ պատնեշը՝ խթանելով երկխոսությունը նրանց միջեւ»: Լավագույն գաղափարներն ընտրելու է մասնագիտական ժյուրին, որն ընտրվել է ամեն թեմային համապատասխան: Ծրագիրը 2 տարվա համար է նախատեսված, որի ընթացքում 6 մրցույթ կլինի, ամեն մրցույթից կընտրվի 4-5 կիրառելի ծրագիր: Առաջիկա մրցույթը կհայտարարվի մեկ ամսվա ընթացքում: