Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդները լավատես են հողերը վերադարձնելու հարցում, տարեցները՝ ոչ. հետազոտություն (տեսանյութ)

Հասարակություն
Mankavarjakan-nkar

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը յուրօրինակ հետազոտություն է իրականացրել. «Հայոց ցեղասպանության երևույթի ընկալման առանձնահատկությունները և հոգեբանական-աշխարհայացքային անդրադարձները հանրային կարծիքում»: Հետազոտությունն արվել է նախորդ տարվա մարտի 15-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում՝ 560 երևանցիների շրջանում: Ըստ այդ հետազոտության՝ երիտասարդներն ավելի լավատես են՝ հայկական հողերը վերադարձնելու առումով, քան տարեց մարդիկ: «Հարցին, թե ո՞ր պետություններն ու կազմակերպությունները դրական վերաբերմունք ունեն մեր երկրի հանդեպ՝ ցեղասպանության ընդունման համատեքստում, հարցվածների 81,1 տոկոսն ասել է Ֆրանսիան, հետո գալիս է Ռուսաստանը, Հունաստանը, ՄԱԿ-ը և հնգյակը եզրափակում է Իտալիան»,-այսօր հայտնեց փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, հետազոտական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Իսկ հարցման մասնակիցների բացասական վերաբերմունքին արժանացած երկրների ցանկը գլխավորում է Ադրբեջանը՝ 92, 2 տոկոս, երկրորդ տեղում Թուրքիան է՝ 90,4 տոկոս, հետո՝ Իսլամական պետությունը՝ 49,1 տոկոս: Պարոն Հովհաննիսյանը նաև նշեց, որ բարձրագույն կրթություն ունեցող երևանցիները պահանջատեր են՝ ցեղասպանության ընդունման և ճանաչման հարցում, մինչդեռ միջնակարգ կրթությամբ անձինք ավելի շատ վրեժխնդրության են հակված: Հետազոտության նպատակն է եղել վեր հանել Հայոց ցեղասպանության փաստի կապակցությամբ հանրային կարծիքում առկա տրամադրություններն ու դիրքորոշումները, ստացված տվյալների հիման վրա պատրաստել վերլուծություն, որը կարող է օգտակար լինել հիմնահարցով զբաղվող մասնագետների և պետական կառույցների համար: