Բնակիչները պահանջում են թիվ 67 երթուղին. սպասարկողը սնանկ է ճանաչվել
Ֆինանսների նախարարությունը առաջարկել է հ. 67 երթուղու միկրոավտոբուսներին չտրամադրել ուղեգրեր: «ՀՀ ֆինանսների նախարարությունը 29.01.2016թ. հ.11-8/2628-16 գրությամբ Երևանի քաղաքապետարանին տեղեկացրել է «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ի կողմից միկրոավտոբուսային հ.67 երթուղու սպասարկման անթույլատրելիության մասին»,- այս մասին «Ա1+»-ի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից: Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Ներքին Չարբախի բնակիչներին անակնկալ էր մատուցվել, առավոտյան նրանք պարզել էին, որ երթուղին այլեւս չի սպասարկելու ուղեւորներին: «Հաշվի առնելով, որ վերը նշված գրությունը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանում է հասել փետրվարի 1-ին, երթուղու աշխատանքի դադարեցման մասին բնակիչներին նախապես հնարավոր չի եղել տեղեկացնել»,- փոխանցում են վարչությունից: Երթուղին սպասարկող «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ–-ի սնանկ էր ճանաչվել եւ երթուղու հետագա շահագործումն անհնարին է դարձել: Իսկ հարցին, թե երբ է նոր մրցույթ հայտարարվելու, քաղաքապետարանից պատասխանել են. «ՀՀ կառավարության 16.08.2001թ. հ.762 որոշմամբ հաստատված մրցութային կարգի համաձայն, մինչեւ նոր մրցույթի անցկացումը, թույլատրվում է ժամանակավորապես երթուղու սպասարկման իրավունքը վերապահել երթուղու սպասարկման համար ցանկություն հայտնած ցանկացած կազմակերպության։ Նոր մրցույթները կազմակերպվում եւ անց են կացվում վերը նշված կարգի պահանջների համաձայն»։ Քաղաքապետարանից նաեւ տեղեկացնում են, որ Ներքին Չարբախ գյուղի բնակիչները ներկայումս սպասարկվում են ավտոբուսային հ.հ.14, 54 երթուղիներով։ Բացի այդ, գյուղի բնակիչները կարող են օգտվել նաեւ միրոավտոբուսային հ.36 երթուղուց (Սիլիկյան թաղամաս-«Էլեկտրոն» գործարան), որի վերջնականգառը գտնվում է Ներքին Չարբախ գյուղին հարակից տարածքում, որը հետիոտնի մատչելիության սահմաններում է։ Մինչդեռ բնակիչները բողոքում են՝ ավտոբուսները երեկոյան ժամը 8-ից հետո չեն աշխատում, իսկ «Էլեկտրոն» գործարանը բավականին հեռու է գտնվում Ներքին Չարբախ գյուղից: «Որքանով է հարմար, որ ուղեւորը 2-3 կմ քայլի, որ նստի տրանսպորտ: Հատկապես երեկոյան ժամերին: Մենք պահանջում ենք, որ 67 համարի երթուղին աշխատի»,- ասաց բնակիչներից մեկը: