Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակութային Երեւանը՝ առաջիկա օրերին

Հասարակություն
mshakuyt

Ի՞նչ համերգներ, տոնակատարություններ եւ միջոցառումներ են տեղի ունենալու առաջիկայում Երեւանում ։ Տեղեկատվություն մի քանիսի մասին։ Ուրախ նորություն՝ գրքասերների համար: Փետրվարի 17-ին տեղի կունենա «Գիտելիքների հանրագիտարան» գրքի շնորհանդեսը, որը վարելու է Նազենի Հովհաննիսյանը: Հյուրերի շարքում են ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչներ, մշակույթի, արվեստի գործիչներ եւ այլ պետական այրեր: Շնորհանդեսը տեղի կունենա Երեւանի պետական կամերային թատրոնում, ժամը՝ 15:00-ին: Այս օրերին Երեւանում առաջին անգամ հայ-չինական մշակութային օրեր են ընթանում, որի շրջանակներում փետրվարի 18-ին Ճարտարապետների միությունում ցուցադրվելու է հնագիտական գտածոների եւ պատմական փաստերի վրա հիմնված փաստագրական ֆիլմ: Սկիզբը՝ ժամը 19:00-ին: Չինական մշակույթի հետ ծանոթանալու եւս մեկ առիթ կունենաք փետրվարի 22-ին: Այս անգամ «Ակումբում» Ամալի Բեգլարյանի հետ կբացահայտեք չինական հիերոգլիֆները: Սկիզբը՝ ժամը 19:00-ին: Անցյալն ու ապագան` միահյուսված հագուստի միջոցով: Փետրվարի 19-ին Մեգերյան կարպետի ցուցասրահում տեղի կունենա արդի հագուստների հավաքածուի ցուցադրություն, որում կիրառված են հայկական միջնադարյան գորգերի թանգարանային նմուշների նախշեր ու հորինվածքներ: «Անցյալի ապագան» հավաքածուի զգեստների հեղինակները Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանն ու կենտրոնի դիզայներները եւ վարպետներն են: Սկիզբը՝ ժամը 19:00-ին: Փետրվարի 20-ին մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը:Միջոցառումը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում, ժամը 16:30-ին: Մինչեւ փետրվարի 26-ը յուրաքանչյուր օր 3 անգամ կներկայացվեն 7 ֆիլմ: Ֆիլմերը կցուցադրվեն ժամը 17:00-ին, 18:00-ին եւ 20:00-ին: Մուտքն ազատ է: Փետրվարի 21-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի ծննդյան 75-ամյակին: Համերգին կմասնակցեն «Բարեկամություն» պետական համույթը, Շվեդիայի Արքայական բալետի առաջատար արտիստները, ինչպես նաև կկայանա վերականգնված «Լոռեցի Սաքո» խորեոգրաֆիկ ներկայացման առաջնախաղը (երաժշտությունը` Գրիգոր Հախինյանի, բեմադրիչ՝ Նորայր Մեհրաբյան): Լոռեցի Սաքոյի դերում՝ Շվեդիայի Արքայական բալետի հիմնական մենապարող՝ Արսեն Մեհրաբյան:ն Սկիզբը՝ ժամը 19:00-ին: