Հակոբ Ավետիքյան. Արծվաշենի անկումը փոխեց «Ազգի» վարկանիշը (տեսանյութ)
«Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը խնամքով պահում է 25 տարի առաջ լույս տեսած համարները , որոնք նա ցուցադրում է հատուկ առիթների ժամանակ: «Սա, փաստորեն, 3-րդ համարն է, այստեղ ֆոտոշոփով արված ամպեր են ու շատ էինք ուրախացել, որ նման բանի հասանք, նույնիսկ կատակով ասում էինք, թե կարող ենք հայ պետական գործիչների դեմքերին մի քիչ ժպիտ ավելացնել, դե նրանք միշտ խոժոռ դեմքերով էին»,-«Ա1+»-ի հետ զրույցում պատմում է Հակոբ Ավետիքյանը: Նրա համար առանձնահատուկ և արժեքավոր համարներ շատ են եղել, սակայն նա առանձնացնում է հատկապես մեկը՝ Արծվաշենի անկման մասին պատմող համարը: «Առաջինն այդ լուրը մենք տվեցինք, իսկ հաջորդ օրը հիշում եմ այստեղ 200 մարդ եկավ՝ ինձ ծեծելու, որ ազգի դավաճաններ ենք մենք,ինչ լուրեր ենք հրապարակում, Արծվաշենը մեր ձեռքում է: Այն ժամանակ Ազգային ժողովը՝ Գերագույն խորհուրդը, Մելիք-Ադամյանի վրա էր գտնվում, ես նրանց այնտեղ ուղարկեցի, այնտեղից էլ դա հաստատեցին ու այդ դժբախտ բանի վրա մեր հեղինակությունը բարձրացավ ու պատահական չէր, որ մինչև 4200 տպաքանակ ունեցանք»,-ասում է նա։ Խորհրդային միության փլուզումից հետո էլ իշխանական վերհսկողության ներքո գործող լրատվամիջոցներից «Ազգ» օրաթերթն, ըստ խմբագրի, տարբերվում էր իր օբեկտիվությամբ ու արգելք հանդիսացող թեմաների մասին բարձրաձայնելով: Սա էլ հենց ապահովում էր թերթի վաճառքն ու հեղինակությունը; «Սովետական լրատվությունից հետո բոլորովին նորություն էր, որ կարող էր խմբագրությունը չկիսեր մեկի կարծիքը, բայց նրան հյուրընկալեր իր թերթի էջերում: Սկզբունքը հետևյալն էր՝ փաստարկված պետք է լիներ»,-շեշտում է խմբագիրը: Հայաստանում առաջինը «Ազգն» է լույս տեսել համակարգչային տեխնիկայի միջոցով: Տեխնիկական հնարավորություններով թեև շատ է զիջում մերօրյա գործածական համակարգիչներին , այնումանեայնիվ, խմբագրությունում այն պահում են մասունքի նման: 1991-1993՝ եռօրյա, 1993- 2014՝ օրաթերթ, 2015թ-ից արդեն շաբաթաթերթ դարձած «Ազգում» ներկայումս աշխատում է 6 հոգի: էականորեն կրճատվել է նաև տպաքանակն ու վաճառքի ծավալները: Այս համատեքստում պարոն Ավետիքյանը ընդգծում է.«Առևտրային գովազդ մեր թերթերը չունեն: Այդ է պատճառը, որ տպագիր մամուլի գրեթե առանց բացառության բոլոր ներկայացուցիչներն այսօր ենթակա են հովանավորին, նրանց տված փողերին ու հետևաբար նրանց տված պատվերներին: Այս պայմաններում նրանք անկախ չեն»: Ի դեպ , Հայաստանի առաջին անկախ օրաթերթն այսօր տոնում էր հիմնադրման 25 ամյակը: Հակոբ Ավետիքյանը հումորով նշում է, որ ոչ մեկին ծննդյան տոնի չի հրավիրել՝ ովքեր հիշում են, թող համենան: