ՀԿ-ների համար կարեւոր դրույթներ բացակայում են նախագծից
ԱԺ-ում այսօր «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներին Էկոլոգիական ու հանրային առողջության հարցերով զբաղվող ՀԿ ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը կոչ արեց նիստը վարողին՝ հարցեր հնչեցնելու առաջնահերթությունը տալ քննարկմանը ներկա ՀԿ սեկտորին: «Հելսինկյան քաղաքացիական ասամբելա»-ի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հարցը վերաբերում էր 2010թ. սեպտեմբերի 7-ին ՍԴ որոշմանը, որով գնահատական էր տրվել հանրային շահի ներկայացման ամբողջ դրույթին, որը, սակայն, չի ներառվել այսօր քննարկվող նախագծում: Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը նշեց, որ կան գործադիր մարմիններ, որոնք ասել են, թե ՍԴ որոշումը չեն ուսումնասիրել: Արթուր Սաքունցին այս պատասխանը զարմացրեց. «Ասեք՝ որո՞նք են գործադիր այդ մարմինները, ո՞նց կարելի է ՍԴ որոշումից հետո գործադիր մարմինը լրացուցիչ մեկնաբանություն տա»: Արսեն Մկրտչյանը եւս մեկ անգամ նշեց, որ հարցը բավարար ուսումնասիրված չէ, եւ կան վարչական ակտեր, որոնք ընդունվում են օրենսդրական այլ կետերով»: «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կոմիտե» ՀԿ իրավաբան Մերի Խաչատրյանը եւս ընդգծեց, որ ՀԿ-ներն ավելի շահագրգիռ են այս օրենքի ընդունմամբ եւ այդ պատճառով նախ իրենք պետք է հարցեր տան, ապա՝ պատգամավորները: Այդ պահին պետք է հարց տար ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, եւ նա հայտարարեց, որ հարցի իր հերթը զիջում է Մերի Խաչատրյանին: «Ինչու շտապեցի այս հարցս բարձրացնել, քանի որ պարոն Մկրտչյանը արդեն հասկացել էր, որ անդրադառնալու եմ արդարադատության մատչելիության հարցին: Մեր երկիրը պարտավորություն ունի ՄԱԿ-ի եւ ԵՄ առաջ: Միջազգային բանաձեւերում հստակ նշված է, որ բնապահպանական հարցերի արդարադատության մատչելիության իրավունքի քննությունը առաջնահերթ է: Բացի այդ, դատարան դիմելու իրավունք տալ բոլոր անձանց, սակայն այդ իրավունքը սահամանափակված է: Ինձ հետաքրքրում է նաեւ այն, որ ՀԿ-ներն իրենց անդամների իրավունքների պաշտպանության հարցով իրավունք չունեն դիմելու դատարան: Սա կարեւոր, մտահոգիչ հարց է»,- հայտարարեց Մերի Խաչատրյանը: Նա կոչ արեց՝ հետաձգել նախագծի ընդունումը, քանի որ ՀԿ-ների համար այս կարեւոր դրույթները բացակայում են նախագծից: Մերի Խաչատրյանին հետաքրքրում էր նաեւ այն, որ ՀԿ-ները, որոնք իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, արդյոք կօգտվե՞ն հարկային արտոնություններից, քանի որ շահույթ չհետապնդող կազմակերպություններ են. «Բացի այդ, արդյոք աշխատանքային ստաժ համարվելո՞ւ է կամավոր աշխատանքը»: Արսեն Մկրտչյանը նկատեց, որ բոլոր հարցերը չէ, որ այս օրենքը պիտի կարգավորի. «Այդ նպատակով դատավարական օրենքներում պետք է փոփոխություններ կատարվեն: Իսկ հարկային արտոնությունների հարցն այս փաթեթի շրջանակներում չենք քննարկելու. լրացուցիչ արտոնություններ չեն լինելու, լինելու են միայն այն, ինչ կար օրենքում: Կամավորների աշխատանքի հետ կապված ասեմ, որ կնքվում է աշխատանքային պայմանագիր, եւ հինգ օր եւ ավելի կատարած աշխատանքն արդեն ստաժ է ֆիքսվելու»: