«Քիչ է մնում ասես՝ այ ախմախ». ԱԺ լսումներ (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Հելսինկյան քաղաքացիական ասամբելա»-ի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հռետորական հարց բարձրացրեց. «Ո՞վ է նախաձեռնեց այս նախագիծը, հաստատ ոչ ՀԿ-երը. սա նախաձեռնել է ՀՀ նախագահին կից Հանրային խորհուրդը: Մենք բոլորովին այլ խնդիրներ ունենք»: Նա խոսեց ՀԿ-երը որպես նաեւ ձեռնարկատիրություն հանդես գալու հարցի վերաբերյալ ՝ ասելով, որ պետք չէ շատ կենտրոնանալ այդ կետի վրա. «Նաեւ ուզում եմ հասկանալ՝ ես ինչո՞ւ պետք է հաշվետվություն տամ, դա անկախությայն երաշխիքի կարգավիճակի կոպիտ ոտնահարում ու միջամտություն է: Կարծում եմ, որ ավելի շատ խնդիր ունենք լիազորությունների ընդլայնման առումով: ՀԿ-երը ֆինանսներ չեն ստեղծում, այլ միայն արժեքներ: Օրինակ՝ մշակել հարկային նպաստավոր քաղաքականություն, հիմնադրամներ, որոնք ֆինանսապես կաջակցեն: Օրինակ՝ կարող են ստեղծել Գագիկ Ծառուկյանի հիմնադրամ, Ալեքսանդր/ Սաշիկ/ Սարգսյանի հիմնադրամ»: «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանի ելույթն աչքի ընկավ որակումներով։ «Թող ձեզ չթվա՝ ես եկել եմ այստեղ լոպազ-լոպազ խոսում եմ. կան ՀԿ-եր, որ բիզնես են անում, կան, որ մուտիտ-կրուտիտներ են անում: Ես ինձ PR չեմ արել, ինչ ուզում, էն արել եմ: Մեկ-մեկ ՀԿ-եր են լինում, քիչ է մնում ասես՝ այ ախմախ, խի ես բացում էտ ՀԿ-ն ու վաբշե, շատ հաճախ էլ չեն հասկանում՝ ինչի են ուզում, ինչի համար: Միլիարդները գնում են մի օրով բացված ՀԿ-ի մոտ»,- ասաց նա: Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն իր ելույթում նկատեց, որ իշխանությունները հաճախ ՀԿ-երին ընկալում են որպես կահույքին դրված մի գեղեցիկ ծաղկաման. «Տուն է, պետք կգա՝ պետք եղած ժամանակ առաջ կքաշեն, պետք չեղած ժամանակ՝ պահեն, չերեւա»: