Այսօր Գուրգեն Մարգարյանի հիշատակի օրն է
2004 թվականի հունվարի 11-ից Գուրգեն Մարգարյանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին։ Փետրվարի 19-ին նա սպանվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից, որը քնած ժամանակ կացնի 16 հարված է հասցրել դեմքին՝ դրանով իսկ համարյա անջատելով գլուխը մարմնից: Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմել է. “Երեկոյան ինքը թեյել է, գնացել քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը։ Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ- որ մեկը վառել է լույսը։ Մտածել է՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվել է, ու տեսել ադրբեջանցուն՝ Ռամիլ Սաֆարովին, մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ։ «Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել։ Չորս բոլորը արյուն էր։ Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի իր գործը։ Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի։ Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր գործ էր վերջացրել։ Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ» - պատմել է հունգարացին։” Սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնում է մյուս հայ սպայի սենյակը՝ ցանկանալով նրան նույնպես սպանել։ Միջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, ադրբեջանցին նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային։ Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել հանդարտեցնել։ Ռամիլը արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել։ Չկարողանալով կոտրել դուռը, նա սկսել է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը։ Կիսաքնած Մակուչյանը մոտեցել է դռանը` որպեսզի բացեր դուռը, բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրորդ անգամ է փրկում հայ սպայի կյանքը։ Ռամիլ Սաֆարովի դատավարությունն անցավ Հունգարիայում: Դատարանում Սաֆարովի պաշտպանությունը նրա գործողությունների խթան էր համարում Սաֆարովի վրա ղարաբաղյան պատերազմի իրադարձությունների հետքերը: Դատարանի կողմից անցկացված բժշկական փորձաքննությունը նրան մեղսունակ ճանաչեց: Դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի: Դատավորն իր որոշումը բացատրեց Սաֆարովի կատարած հանցագործության առավել դաժանությամբ և նրանով, որ Սաֆարովն այդպես էլ չգիտակցեց իր գործողությունները: 2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովի հանձնվեց Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար, և նույն օրն էլ ներում շնորհվեց Իլհամ Ալիևի կողմից, բնակարան նվեր ստացավ և կոչումը բարձրացվեց մինչ մայոր՝ ութ տարվա աշխատավարձի վճարումով, որոնք նա անցակցրել էր անազատության մեջ: Տվյալ որոշումը հանգեցրեց Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման։ Տեղեկատվությունը քաղված է Վիկիպեդիայից։