Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբ ձուկ է սատկում, մարդու համար դա նորմալ է»

Կարևոր լուրեր Հասարակություն
Marine-nkar

Հայաստանյան բնապահպանական խնդիրները վեր հանելու եւ մարդկանց իրազեկելու տարբերակ է գտել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը՝ ստեղծելով «Լուսանկարիչներն ու բնապահպանությունը» նախաձեռնությունը. «Հայաստանում բնապահպանական խնդիրներն արդեն այն աստիճանի են հասնում, որ ամեն ձեւով ելք ենք փնտրում մարդկանց իրազեկելու։ Այս ոլորտում ամենաթողություն է տիրում. ով ինչ ուզում՝ անում է։ Նախաձեռնությանը միացած լուսանկարիչները պետք է լուսանկարեն մարդկանց, որոնք կստանձնեն բնության դերը։ Երբ դու ավերված բնություն ես նկարում, մարդն այնքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում իր շրջապատում, բայց երբ այդ ավերակ բնության մեջ մարդ է մտնում, ինքը դառնում է դրա մի մասը։ Երբ չորացած գետի մեջ ձուկ է սատկում, մարդու համար դա նորմալ է, բայց երբ ձկան փոխարեն մարդն է լինում, դա ավելի է ընկալվում»։ Այս գաղափարն առաջացել է դեռեւս երկու տարի առաջ։ Ֆինանսական աջակցություն դեռ չունեն. աշխատանքը կամավորական է լինելու։ Նախաձեռնությանը միացած լուսանկարիչ Էդգար Մարտիրոսյանը կարծում է՝տեսանյութերն այլեւս ազդեցիկ ուժ չունեն. «Օրինակ՝ ես ոչ մի տեսանյութ չեմ նայում։ Պետք է փորձել անել մի բան, որ գոնե խնդիրները հասցնենք մինիմալի։ Լուսանկարներն ավելի ազդեցիկ են, աչք են ծագում, ուզես թե չուզես նայում ես։ Այս տարբերակն ավելի հասանելի է եւ լայն արձագանք կունենա»։ Նախաձեռնությունն առայժմ հանդես կգա ֆեյսբուքում։ Հովանավորներ ունենալու դեպքում՝ ֆեյսբուքյան հարթակից դուրս կգործեն։