«Դաշնակցությունն անելիք չունի այլևս»
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս» հատորը: Այս աշխատությունը որպես զեկուցագիր նախ ուղարկվել է ՀՅԴ խորհրդաժողովին, ապա առանձին գրքով հրատարակվել 1923-ին, Բուխարեստում: Ապա Քաջազնունին հեռացել է ՀՅԴ-ից, որին անդամակցում էր 30 տարի շարունակ՝ 1893-ից: Ի պատասխան, չորս երևելի դաշնակցականներ հրապարակեցին իրենց հատորները: Բոլոր չորս հատորները ԱՆԻ-ն հրատարակել կամ հրատարակելու է առաջիկա օրերին: Նախորդ շաբաթներին ԱՆԻ-ն հրատարակել էր Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի «Խարխափումներ», Արշակ Ջամալյանի «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը» ևՌուբէն Դարբինեանի «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի» հատորները: Երկուշաբթի օրը ԱՆԻ-ին ընթերցողի սեղանին կդնի այդ շարքի վերջին հատորը, վերջին պատասխանը Քաջազնունուն՝ Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» գիրքը: Առաջիկա օրերին ԱՆԻ-ն կհրատարակի նաև այս նշանավոր հինգ դաշնակցականների համատեղ հաստափոր հատորը, որը կրում է «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագիրը: Ինչպես համատեղ հատորի, այնպես էլ առանձին գրքույկների խմբագիրը լրագրող Թաթուլ Հակոբյանն է: Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն