Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս «ժառանգել» ավանդի փոխհատուցումը

Հասարակություն
avand

Կառավարությունը հստակություն է մտցրել ավանդների դիմաց փոխհատուցումը ժառանգներին վճարելու կարգում: «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պարզաբանել են, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն, իսկ գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության՝ 23.04.2014թ. N 460-Ն որոշմամբ սահմանած կարգով: Կարգի 29-րդ կետի համաձայն` ավանդների դիմաց փոխհատուցման գումարը կարող է որպես ժառանգություն վճարվել միայն այն դեպքում, երբ ավանդատուն մահացել է նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց հետո` նրա ժառանգին (նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա): Սակայն փետրվարի 11-ին N117-Ն որոշմամբ կառավարությունը հստակեցրել է նշված նորմի կիրառման ժամկետը: Մասնավորապես՝ ավանդների դիմաց փոխհատուցման տվյալ ամսվա վճարման ցուցակի գլխամասում կտպագրվի նաեւ դրա ձեւավորման ամսաթիվը, ինչը նշանակում է, որ այդ ամսաթվից հետո ավանդների դիմաց փոխհատուցման գումարը չստացած եւ մահացած ավանդատուի ժառանգները այդ գումարը կարող են ստանալ նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագիրը ներկայացնելու պարագայում: «Ա1+»-ը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվել էր նաեւ, թե ավանդատուներն ինչպե՞ս են տեղեկանալու, որ արդեն ընդգրկվել են ավանդի փոխհատուցման վճարման ցուցակում: Նախարարության պարզաբանման մեջ նշված է, որ ավանդի փոխհատուցման իրենց հերթի մասին ավանդատուները կարող են ծանոթանալ համապատասխան սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից: Փոխհատուցման վճարումներն իրականացվում են փոստատարների կողմից՝ տուն առաքելու միջոցով: Կարգի 23-րդ կետի համաձայն՝ հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում է՝ 1) ամսական պարբերականությամբ. 2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համարնախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան: Միաժամանակ, նախարարությունից նշել են, որ կարգի 20-րդ կետի համաձայն՝ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք (քանի որ ավանդների փոխհատուցման տրամադրումը կրում է հասցեական բնույթ, եւ ավանդի փոխհատուցման գումարն իրենից ներկայացնում է պետության կողմից տրամադրվող դրամական օգնություն՝ սոցիալապես խոցելի ավանդատուներին), այն չի կարող անցնել այլ անձի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 398-րդ հոդված), լինել գրավի առարկա (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդված), մտնել ժառանգության զանգվածի մեջ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 2-րդ մաս): Մինչդեռ Կարգի 22-րդ կետի համաձայն՝ ավանդատուի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած դրա վճարման դեպքում կամ ավանդատուի մահով: