«Այբ»-ի տարածքում եկեղեցի կկառուցվի
Աջակցիր «Ա1+»-ին«Այբ» կրթական հիմնադրամից տեղեկանում ենք, թե ինչպիսին կլինի «Այբ» կրթական ավանը մի քանի տարի անց. 7 հա տարածք իր 8 կրթական բաղադրիչներով՝ նախատեսված 800 աշակերտների համար՝
- դպրոց (տարրական, միջին, ավագ),
• ֆաբլաբ,
• գիտությանև տեխնոլոգիայի կենտրոն,
• սպորտային համալիր,
• եկեղեցի և համայնքային կենտրոն,
• մանկապարտեզ,
• հանրակացարաններ և հյուրատուն,
• կանաչապատ տարածքներ։
«Ա1+»-ի հարցմանը, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել «Այբ» կրթական ավանում կառուցել եկեղեցի, ում համար է նախատեսված լինելու այն եւ կառուցումից հետո արդյո՞ք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ծրագրային փոփոխության կենթարկվի՝ «Այբ» կրթական հիմնադրամը պատասխանել է.
«Այբ» կրթական ավանում եկեղեցու առկայությունը խորհրդանշում է ճանաչողության ու բարոյական արժեքների կապը: Եկեղեցին երաշխիքն է ոչ միայն կրթված, այլև բարոյական սերնդի ձևավորման: Դարեր շարունակ Հայ Եկեղեցին և Հայ Դպրոցը եղել են կողք կողքի` ապահովելով մեր ժողովրդի հոգևոր-ազգային միասնականությունը և ճանաչողական-արժեքային ներդաշնակությունը: Մեր սուրբ Թարգմանիչների՝ սբ Մեսրոպի, սբ Սահակի և նրանց աշակերտների շարժումը «Այբ» համայնքի համար եղել է մեծագույն օրինակ և ներշնչանքի աղբյուր, և եկեղեցու կառույցը խորհրդանշում է այն մարդկանց, որոնց էական գրավոր ժառանգության վրա խարսխված են հայ ինքնությունը և հոգևոր գիտակցությունը:
Սրբոց Թարգմանչաց եկեղեցին գործելու է ոչ թե դպրոցին կից, այլ լինելու է մեծ կրթական ավանի ուրույն մի մասը: «Այբ» կրթական ավանը կազմված է չորս գոտիներից` ուսումնական (տարրական, միջին և ավագ դպրոց), սպորտային (մարզադահլիճներ, լողավազան, խաղահրապարակներ), հասարակական (ՖաբԼաբ, գիտության և տեխնոլոգիայի կենտրոն, հանրակացարաններ, մանկապարտեզ), հոգևոր (եկեղեցի և համայնքային կենտրոն): Այս բոլոր գոտիները միմյանց են կապվում հանրային այգիներով ու կանաչ տարածքներով: «Այբ» կրթական ավանը համայնքի միկրո մոդել է, որտեղ բոլոր բաղադրիչները գործում են ինքնուրույն և փոխազդում են կրթության միջոցով: Այստեղ մարդիկ գալիս են սովորելու և սովորեցնելու, և նրանք միայն աշակերտները չեն: «Այբ» ավանը բաց է ուսանողների, գիտնականների, ստեղծագործողների և լայն հանրության համար: Սրբոց Թարգմանչաց եկեղեցին լինելու է հայ առաքելական և պատկանելու է Սուրբ Էջմիածնին և, ինչպես և այլ եկեղեցիներ, ծառայելու է ոչ միայն Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր համայնքներին, այլև բաց է լինելու բոլորի համար:
«Այբ» դպրոցը աշխարհիկ դպրոց է: Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կառուցումը չի կարող պատճառ հանդիսանալ դպրոցի կրթական ծրագիրն ու դասավանդման մեթոդաբանությունները վերանայելու համար:
«Այբ» ավանի եկեղեցին յուրօրինակ ճարտարապետական լուծումներով մի կառույց է: Այն կազմված է քարե գրքերից, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է սբ Թարգմանիչներից մեկին: Եկեղեցու հիմնահարկում գործելու է աստվածաբանական գրադարան, որտեղ մարդը հնարավորություն է ունենալու կարդալու, ուսումնասիրելու և հոգևոր իրողությունների մեջ խորանալու: Եկեղեցու նախագիծը ընտրվել է բաց ճարտարապետական մրցույթի արդյունքում: Մրցույթին ներկայացվել էր 50 նախագիծ 4 երկրից: Արդյունքում ընտրվեց ճարտարապետ Էրիկ Օհանյանի նախագիծը: