Ֆիլմ՝ առանց գռեհկաբանությունների (տեսանյութ)
Մարտի 3-ից կինոթատրոններում կցուցադրվի «Փախիր կամ ամուսնացիր» հայկական նոր ֆիլմը։ Գլխավոր դերակատարներն են երգչուհի Իվետա Մուկուչյանն ու դերասան Մկրտիչ Արզումանյանը։ Ֆիլմի մեծ մասը նկարահանվել է Ստեփանավանում։ Մկրտիչ Արզումանյանը կինոնկարից մի քանի դրվագ ներկայացրեց. «Ֆիլմը մի տաքսու վարորդի մասին է, որն ունի հրաշալի մեքենա, որը ժառանգել է հորից, ով աշխատել է «Երազ » գործարանում։ Աղասիկը վարում է այդ մեքենան ու մի օր ընկնում չպլանավորած մի պատմության մեջ եւ այդ օրվանից իր կյանքը փոխվում է»։ Դերասանը զարմացած է Իվետա Մուկուչյանի տաղանդով. «Ամեն մի փորձից հետո ինքը կրկին աշխատում էր։ Ամեն օր սկայպով մի քանի ժամ փորձեր էինք անում։ Վեց ամիս փորձեցինք ու հասկացանք, որ մենք մաքսիմում ստացանք ամեն ինչ, որ գլխավոր դերը ներկայացնենք։ Իվետայից լավ այդ դերը ոչ ոք չէր մարմնավորի»։ Ֆիլմի գաղափարն առաջացել է 2014 թվականից։ Մտադիր էին ստեղծել ֆիլմ, որը կտարբերվեր մյուսներից։ Հատուկ ուշադրություն են դարձրել բառապաշարին, որպեսզի այն կարողանան դիտել բոլորը։ Առանձնահատկություններից մեկն էլ գռեհկաբանության բացակայությունն է։ Սա առաջին ֆիլմն է, որտեղ դերասան Մկրտիչ Արզումանյանն ու «Պերսոնա Գրատա» խմբի հիմնադիր, պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանը հանդես են եկել համատեղ պրոդյուսերական աշխատանքով։ Ֆիլմի բյուջեի մասին նախընտրեցին չխոսել։ «Այս անգամ օրիգինալ կգտնվենք եւ ի տարբերություն մյուսների՝ բյուջեի մասին չենք նշի»,-ասաց Մկրտիչ Արզումանյանը։