Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորե՞լ, թե՞ ազատ արձակել. որոշողը դատարանը չէ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
bant-nkar

Ո՞ր դեպքում պետք է հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին կալանավորել, և ո՞ր դեպքում խափանման այլ միջոց կիրառել։ Հայաստանյան դատարաններն ու քննչական մարմիններն ավելի հակված են նախաքննության ընթացքում մարդուն անազատության մեջ պահել։ «Կալանքը օգտագործվում է որպես ճնշման միջոց, որովհետև անազատության մեջ մարդուն ավելի լավ ես «համոզում», որ նա տա ինքնախոստովանական ցուցմունք»,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Հաճախ անձինք ամիսներով մնում են ճաղերից այն կողմ, չնայած որ դատարանը բավարար ձևով չի հիմնավորում նրանց անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը։ Իրավապաշտպանը հիշում է ընդդիմադիր ակտիվիստներ Գևորգ Սաֆարյանի ու Վարդգես Գասպարիի դեպքերը. «Ե՛վ Գևորգի, և՛ Վարդգես Գասպարիի դեպքում մենք ունեցանք հետևյալ փաստը, որ ազատազրկման վայրում քրեական հանցագործության մեջ կասկածվողները, որոնք գտնվում են քրեական աշխարհի հսկողության, ազդեցության ներքո, օգտագործվեցին որպես գործիքներ՝ քաղաքական հայացքներ, դիրքորոշում ունեցող անձանց նկատմամբ ճնշում ու բռնություն գործադրելու համար»։ Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պրակտիկայում հանդիպել է հարյուրավոր դեպքերի, երբ դատարանը փաստական նույն հանգամանքների առկայությամբ մի դեպքում անձին կալանավորում է, մյուս պարագայում՝ ազատ արձակում։ «Դա նշանակում է, որ պաշտոնատար անձը ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է գործի ելքով, այսինքն՝ կամ գումար են վերցնում, կամ զանգ են տալիս խնդրում են, կամ ելնում կուսակցական, անձնական շահերից»,- նշում է փաստաբանը։ Պարոն Բաղդասարյանը պնդում է՝ իրավիճակը փոխելու համար քայլեր ձեռնարկել չեն շտապում ինչպես Արդարադատության նախարարությունը,այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել ու խնդիրները հասկանալու համար մտահոգ անձանց մասնակցությամբ անկախ մոնիթորինգ անցկացնել։ «Պետք է բարձրացվի կոնկրետ դատավորների ու կոնկրետ դատարանների կողմից օրենքների տարբեր տեսակ կիրառության խնդիրը և նստեն սեղանի շուրջ՝ որոշեն՝ կոնկրետ օրենքո՞վ, թե՞ կոնկրետ դատարանների նախադեպերի մակարդակով այդ խնդիրը պետք է լուծվի»։ Մինչդեռ այսօր դատաիրավական համակարգի ապօրինի որոշումներից տուժած քաղաքացիները արդարություն փնտրում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Իսկ իրավիճակը չփոխելու պարագայում Հայաստանը կշարունակի պարտություններն այդ ատյանում՝ վճարելով հսկայական գումարներ հարկատուների հաշվին։