Սիրիահայերը սպասողական վիճակում են (տեսանյութ)
«Մերձավոր Արևելքում հարաբերական խաղաղության պայմաններում Սիրիայի հայերի մոտ սպասողական վիճակ է, այնտեղ գտնվողները դեռևս տատանվում են՝ լքե՞լ հայկական գաղութը, թե՞ սպասել իրավիճակի բարելավման»,- ասում է սիրիահայ պատմաբան Գևորգ Յազճյանը։ Ըստ նրա՝ Հալեպի հայկական թաղամասերը հեռու են ռազմական գործողությունների հիմնական վայրերից, իսկ հայերով բնակեցված երկու տարածքները հիմնականում մաքրված են թուրքմեններից. «Այս մարդիկ տեղափոխվեցին Սիրիա և հայերի համար հիմա ավելի հանգիստ է, ճիշտ է՝ հայերը Սիրիայի հարգված փոքրամասնություններից են, սակայն թուրքմենների հետ միշտ էլ եղել են լարված հարաբերություններ»,- ասում է պատմաբանը։ Իսկ պոլսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը խոսում է Հայաստան տեղափոխած սիրիահայերի մասին, նա ևս նկատում է սիրահայերի արտագաղթ հայրենիքից։ Ըստ նրա՝ հեռացողների համար անընդունելի է հատկապես Հայաստանում տիրող անարդարության մթնոլորտն ու անհավասարությունը. «Սիրիայից այստեղ գաղթած հայերը զարմանում էին՝ տեսնելով 888 կամ 777 համարներով շրջող մարդկանց, երբ հարցնում էին՝ ովքեր են, ասում էինք՝ Դոդի Գագոն կամ Լֆիկ Սամոն, զարմանում էին՝ պնդելով, որ Սիրիայում էլ կան միլիարդատերեր, որոնք սակայն իրենց այսպես չէին պահում»։