Հորդոր՝ ժամանակին դիմել բժշկի (տեսանյութ)
«Առողջապահություն. 21-րդ դար» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի ժամանակ բժշկական հաստատությունները ներկայացնում էին իրենց ծառայությունները: Միջոցառումը նախատեսված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտական աշխատակիցների, գործող բժիշկների, ինչպես նաև առողջապահության բնագավառում ներդրողների, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց համար: Միջոցառմանը մասնակցող «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն այսօր անդրադարձավ նաեւ իրենց մոտ պարբերաբար անցկացվող «Բաց դռների օր» բարեգործական ակցիային: «Բաց դռների օրվա նպատակն այն է, որ կարողանանք օգնություն ցույց տալ այն մարդկանց, որոնք չեն կարողանում գալ հիվանդանոց ինչ-ինչ պատճառներով: Պետք է կարողանանք մեր ազգաբնակչության մոտ սերմանել ցանկացած խնդրի ժամանակ շուտափույթ բժշկի դիմելու սովորություն, շուտ հայտնաբերենք հիվանդությունը, եւ այդ ժամանակ բուժումը ավելի հեշտ է կազմակերպվում»,- ասաց Միքայել Մանուկյանը: Նա հիշեցնում է՝ «Բաց դռների օր» ակցիան տարբեր հիվանդությունների համար են անում, վերջին հետազոտությունն էլ կատարվել է սրտամկանի հիվանդություն ունեցողների համար: «Արդյունքներն ամփոփելուց հետո հայտնաբերում են շատ հիվանդներ, որոնց հիվանդությունը դեռ «քնած» փուլում է, չի արտահայտվել եւ ժամանակին հիվանդներին բժշկական օգնություն ցույց տալով մենք նպաստում ենք նրան, որ հիվանդությունը չխորանա, եւ ազգաբնակչությունը երկար ապրի»,- նշեց նա: Ի դեպ, գործադիր տնօրենը նշում է, որ « Էրեբունի» բժշական կենտրոն օրական 1000 մարդ է դիմում եւ 4000 հետազոտություն է անցկացվում: