82-ամյա տղամարդու սպանության գործով հետախուզվող կինը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող 82-ամյա տղամարդու սպանության գործով հայտնաբերվել է փետրվարի 27-ից հետախուզման մեջ գտնվող կինը։ Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ սպանության օրը՝ փետրվարի 20-ին, 82-ամյա Պ.Յակոբյանը հյուրընկալել է երկու անձի, որի ժամանակ բռնություն է գործադրվել նրա նկատմամբ՝ շահադիտական նպատակներով։ Պատճառված վնասվածքներից տարեց տղամարդը մահացել է, իսկ հյուրընկալված անձինք հափշտակել են գումար, գույք և հեռացել։ Քննությամբ պարզվել է առեր7ույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են մայր և որդի Ժամկոչյանները։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Ժամկոչյանին փետրվարի 24-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ շահադիտական դրդումներով), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ավազակային հարձակում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 2016թ. փետրվարի 27-ին քննիչը որոշում է կայացրել նաև երիտասարդի մորը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։