Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը մեքենայից իջնում է, նույն խոստումը տալիս ու գնում» (տեսանյութ)

Հասարակություն
Marine-nkar1

Կոնդի բնակիչներն այսօր Սերժ Սարգսյանից հերթական խոստումն են ստացել, թեեւ նշում են. «16 անգամ մեքենայից իջնում է, նույն խոստումը տալիս ու գնում»։ Նրանք այնուհետ եկել էին կառավարության շենքի մոտ. «Դաշնակցությունը, որ փայ է մտել էս իշխանությանը, արդյո՞ք մեր հարցից տեղյակ է, արդյո՞ք գիտի, որ այս իշխանությունը մեզ պարտք է: Գուցե վաղը Դաշնակցությունն է գալիս իշխանության»,-ասում է կոնդեցի Վարդան Կարախանյանը։ Կառավարությունում 9 տարի խնդրի լուծման սպասող կոնդեցիներին խոստումներ չեն տալիս։ Իսկ ահա Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը խոստանում է զբաղվել նրանց հարցով։ Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող Հենզել Աբրոյանը Կոնդի բնակիչ չէ։ Սակայն, ինքն էլ է այստեղ բնակարանային հարցով։ 2003 թվականին Ամիրյան 4 հասցեում բնակարան գնելու համար 40.000 դոլար էր վճարել ու կորցրել։ Կառուցապատողի՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի մահից հետո գումարը չեն վերադարձնում։ «2009 թվականից պարզ դարձավ, որ դրա հիմնական պապան, տեր կանգնողն ու սեփականատերը Հովիկ Աբրահամյանն է եւ Հայկ Դավթյանը: Մեզ հինգ միլիոն փող են շպրտել՝որպես թուլափայ, ու դրանից հետո ԴԱՀԿ-ի կողմից սնանկ են ճանաչել «ՄԳ հաուզինգ»-ը՝ իբրեւ թե շենք-շինություն չունի, բայց առկա է «Նացիոնալ Հայաստան» հյուրանոցը»,-ասում է Հենզել Աբրոյանը։ Ինչպես եւ հայտարարել էին երեկ, այսօր անհատ տաքսիստները եկել էին կառավարության շենքի մոտ՝ բարձրաձայնելու, որ համաձայն չեն օրենսդրական որոշ դրույթների հետ։ Նրանք քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետին հանձնեցին 24 կետից բաղկացած նամակ՝ 1.000 ստորագրությամբ: Առաջարկներից մեկը վերաբերում է լիզենզավորման վճարին։ Վարորդներն առաջարկում են բոլոր հարցերը քննարկել միջգերատեսչական հանձնաժողովում. «Վարչապետը պիտի հանձնարարի բոլորին՝ Արփինե Հովհաննիսյանին, Տարոն Մարգարյանին, Կենտրոնական բանկի ղեկավարին, ԱՊՊԱ գործակալություններին՝ գալ դեպի այդ հանձնաժողով: Միջգերատեսչական հանձնաժողովում մենք որոշում ենք կայացնում, քննարկում ենք 3-4 ամիս, մեկ էլ Արփինե Հովհաննիսյանը հայտնվում է ու ինչ-որ գործընթաց է սկսում հանձնաժողովից դուրս»։ Վարորդներին խոստացան՝ մի քանի օրվա ընթացքում վարչապետը կարձագանքի նրանց բոլոր պահանջներին: