«Կյանքիս մեջ մի անգամ Յուրան նվեր առավ` հարամեցի»
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի համար կյանքն ինքը տոն է: Լրագրողների հետ հանդիպմանը նա մինչեւ կպատասխաներ հարցերին, նախ ողջագուրվեց «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանի հետ, որի հետ միասին ժամանակին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ էին: Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ մարտի ութը որոշ առումով կանանց հաղթանակի օր է՝ կանանց իրավունքների պայքարի օր է. «Իրոք, շատ բանի են հասել կանայք աշխարհում: Խելացի տղամարդու համար կինը Աստծո ընծան է: Կանայք իրենց չքնաղ տարբերություններով ֆիզիկապես թույլ են տղամարդկանցից. կանաց ուժը լրիվ այլ դաշտում է՝ խոցելիությունն է կանանց ուժը: Երբ ասում ենք իրավահավասարություն, չպետք է ընդունել որպես նույնականացում. Մեր չքնաղ տարբերությունները պետք չէ ջնջել»: Անահիտ Բախշյանի համոզմամբ՝ կանայք ամեն օր են պայքարում ու, հետեւաբար, ամեն օր էլ նրանց տոնն է. «Տղամարդիկ պետք է դա գնահատեն: Չպետք է մոռանալ, որ մեր ու տղամարդկանց առաքելությունները աշխարհում այնքան տարբեր են: Մենք երբեք չպետք է դավաճանենք մեր առաքելությանը»: Լարիսա Ալավերդյանը նաեւ խոսեց հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածությանը. «Կինը չպետք է այնպիսի իրավիճակ ստեղծի, որ գալիս է տղամարդու տեղը գրավելու: Ուղղակի կա մի դաշտ, որտեղ կանաց պակասը զգացվում է, օրինակ՝ ՏԻՄ-երում: Իհարկե, կանանց ակտիվությունը պետք է հասցեական լինել. կանանց նազելիությունը շատ տեղին է: Օրինակ՝ երբ կանայք ԱԺ-ում են, բարքերը փոխվում են, իհարկե, դա ոչ բոլոր տղամարդկանց է վերաբերում»: Նա խոստովանեց, որ հաճախ ԱԺ-ում միանգամից չի ընկալել, երբ որեւէ պատգամավոր հայհոյել է կամ անվայել է խոսել. «Քանի որ ես Աճառյանական, Համո Սահյանի տողերով եմ սովորել, շատ հայհոյանքներ ականջիս միջով անցնում են, չեմ հասկանում: Հետո գնում են այդ հայհոյողի հետեւից, ու նա, տեսնելով ինձ, սկսում է վազել, ասում եմ՝ էդ ո՞ւմ էիր հայհոյում, ու նա միանգամից զգաստանում է»: Անահիտ Բախշյանը հիշում է, որ իր կյանքի մեջ մի անգամ ամուսինը՝ Յուրան, իրեն նվեր առավ. «Ու ես հարամ արեցի. հարցրի՝ ի՞նչ արժե, ասաց՝ երեսուն ռուբլի, մինչդեռ դա մեր մի ամսվա տան վարձն էր: Ես էլ չդիմացա, ասացի՝ իբր թե ես այս տոնը սիրում եմ, դու էլ այդքան թանկ նվեր ես առել, ափսոս չի: Վերջը այնքան զզվացրի, նա ասաց՝ լավ, երեք ռուբլի եմ տվել: Ի վերջո, նաեւ Մարգարետ Թետչերն է ասել՝ որտեղ պետք է խոսել՝ բլա-բլա-բլա, կանչեք տղամարդկանց, իսկ երբ պետք է գործել, կանչեք կանանց»: Իսկ Լարիսա Ալավերդյանը սիրում է, երբ մարտի ութին ծաղիկներ է ստանում: