«Առաջ կգնաս, եթե լինես Հերա, վհուկ և սծեռվա» (տեսանյութ)
Մարտի 8-ի առթիվ «Հայելի» մամուլի ակումբը համախմբել էր հասարակական-քաղաքական գործիչ կանանց, որն աննկատ չմնաց հրապարակախոս, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի ուշադրությունից. «Միայն կինը կարող է կնոջը այս տոն օրով աշխատանքի բերել»: Տիկին Խոդիկյանի համոզմամբ՝ այս տոնը ամեն կնոջ մեջ պետք է լինի. «Եթե մարդ ինքն իր հետ հաշտ է, ապա նա ամեն օրն էլ տոն է սարքում: Մարտի ութն ուղղակի լավ առիթ է՝ հավաքվելու, ընտանեկան մի լավ հավաք կազմակերպելու: Ինչքան հասարակության մեջ կանայք կարողանան իրենց իրավունքները լսելի դարձնել, այնքան մեր ու տղամարդկանց կյանքն ավելի տանելի կդառնա»: Հանդիպմանը մասնակից «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ մարտի ութը կոնֆետաբուկետային, օծանելիքային տոն է եղել. «Իսկ կանանց-տղամարդկանց իրավահավասարությունն ապակյա առաստաղի է նման, որի վրա հարվածները նույնքան ամուր են, որքան բետոնե առաստաղինը: Հիշենք մեր նախամայրերին՝ Ռոզա Լյուքսեմբուրգին ու Կլարա Ցետկինին, որոնք բազմակարծ ու բովանդակալից կյանքով են ապրել, ու հիմա նույնն էլ կմաղթեմ աշխարհի բոլոր կանանց: Ոչ թե տղամարդկանց մտածողության հետ է կապված կնոջ ազատամտության սահմանը, այլ թե պետությունը որքանով է կարիք ունենում ազատականացված կնոջ: Կանայք ունենք մաքուր կենսական էներգիա եւ կարողանում են բերել փոփոխության շունչը. կինը դա ամենահզոր բնազդային մակարդակով է զգում»: Ըստ նրա՝ ավելի հեշտ են հաջողություն հասնում այն կանայք, որոնք մտածում են: Իսկ լրագրող Կարմեն Դավթյանը չի ընդունում մարտի ութը՝ որպես տոն. «Ես ընդվզում եմ այս տոնի դեմ. մենք ունենք ավելի լավ տոն՝ ապրիլի յոթը: Եթե ես կրկին գամ կառավարություն, ես կհանեմ այս տոնը: Ռոզան եւ Կլարան ահավոր բարդույթներ ունեցող կանայք են եղել: Մենք Եվայի հետ կերել ենք խնձորն ու բերել ենք այդ կոմպլեքսը. մենք մեր ներսում պետք է գտնենք այդ մատրիցան ու կանգնել այդ բարիկադներին, այլ ոչ թե մերկանալ բարիկադներին: Պետք չէ մոռանալ՝ պատմությունն, ի վերջո, կերտում, գրում են տղամարդիկ: Հասարակությունը ներքաշում է նրանց, որոնք ակտիվ են»: Ի՞նչ է փոխվել կնոջ կերպարում Անկախության տարիների ընթացքում: Կարմեն Դավթյանի համոզմամբ՝ կինը կամա, թե ակամա դառնում է հասարակության էներգետիկ ուժի կրողը. «Այսօր Աֆրոդիտե կանանց ժամանակաշրջանն է՝ գեղեցիկ, սեքսուալ: Հերա կնոջ վիճակն ավելի դժվար է այսօր, մինչդեռ հասարակության խորքում իրենք են, իրենք են տանում հասարակությանը: Եթե վհուկ, սծեռվա կնոջ տեսակն ավելացնես նրան, ապա կկարողանա առաջ գնալ»: Կարինե Խոդիկյանի կարծիքով՝ Անկախության տարիներին կինը դարձավ ավելի ինքնավստահ, հաճախ ընտանիքի ամբողջ բեռն իր վրա վերցնող. «Կանայք, այդքան ինքնավստահ դառնալով, ինչ-որ բաներ կորցրեցին այս դաշտում»: Անուշ Սեդրակյանի համար հայ կինը ձեռքբերում է ունեցել. «Անկախությունից հետո ես ու մենք բոլորս պատկանում ենք այն կանանց թվին, որ պատերազմ շահեցինք. մենք պատերազմ շահած կանանց սերունդն ենք: Այդ հաղթանակը մեր մեջ տրոփելու է»: