«Ցածր գները զոհաբերում են որակը» (տեսանյութ)
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ողջունելի է համարում նոր ավիափոխադրողի՝ «Արմենիա»-ի մուտքը, որը կբխի սպառողների շահերից, եւ խոստանում է անհրաժեշտության դեպքում աջակցել: «Կարող ենք տրամադրել թույլտվություններ, նպաստել ինչ-որ խնդիրների առկայության դեպքում, լուծել այդ խնդիրները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը: Տուրիստական գործակալությունները եւ ոգեւորված են, եւ թերահավատ՝ արդյոք «Արմենիա» ավիաընկերությունը կկարողանա՞ ՀՀ պայմաններում իրականացնել խոստումները: «Այն գները, որոնք ընկերությունն այսօր հայտարարում է, բավականին ցածր են եւ կասկածանք են բերում, որ մենք ընդհանրապես չենք կրկնի նախորդ 3 ավիաընկերությունների պատմությունը»,- նկատում է «Արմենիա Թրավել» տուրիստական գործակալության նախագահ Մարինա Կպրյանը: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը նախանշված ցածր գները՝ նվազագույնը 49 եվրո, համարում է մարկետինգային քաղաքականություն եւ վկայակոչում «Աէրոֆլոտ»-ի դուստ ձեռնարկություն հանդիսացող «Պաբեդա» ռուսական ավիաընկերությանը, որը փետրվարին ՌԴ կողմից ստացել է թույլտվություն՝ Երեւան չվերթներ իրականացնելու համար. «Օրինակ՝ Գերմանիա թռիչքը 999 ռուբլիով է իրականացնում, որը մոտավորապես 15 եվրոյի կարգի է, բայց դա միայն առաջին 20 ամրագրողների համար է»: Ըստ նրա՝ ցածր գնային քաղաքականություն վարող ընկերությունները ինչ-որ առումով զոհաբերում են որակը. «Օրինակ՝ ուղեբեռի հետ կապված չափազանց կոշտ դիրքորոշումներ կարող են ունենալ՝ 10 կգ-ից ավելի չթույլատրել, նույնիսկ ձեռքի ուղեբեռը հանձնվի բագաժ, իսկ ինքնաթիռ թույլ կտան տեղափոխել միայն հստակ ամրագրված ցանկով: Կամ՝ «թռիչք-ժամեր»-երի օպերացիոն ծախսերը կրճատելու տեսանկյունից աշխատակիցների ավելի մեծ ծանրաբեռնվածություն. նույն աշխատակիցը թռնում է մի քանի անգամ, եւ 5 անգամ ավելի շատ ուղեւոր է սպասարկում՝ 24 ժամից 14 ժամը անցկացնելով չվերթների մեջ»: Արդեն ապրիլին «Արմենիա» ընկերությունը կունենա 3 «Բոինգ» ինքնաթիռ, իսկ տարեվերջին՝ նրանց թիվը կհասնի 8-ի: Օրվա մեջ պատրաստվում են իրականացնել նվազագույնը` 2 չվերթ եւ բացառապես ցերեկային ժամերին: