Զոհվածները պայմանագրային զինծառայողներ են
Մարտի 9-ին, ժամը 23.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Թուխ Մանուկ լեռնանցքում¸ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ¸ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 80-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 34 CC 745 պետհամարանիշի (վարորդ՝ Կ. Կ. ծնվ.1986 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և մոտ 250 մ. գլորվել ձորը¸ ինչի հետևանքով Կ. Կ.-ը և ուղևոր Վ. Ղ.-ը (ծնվ. 1981 թ.) տեղում զոհվել են: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորներ՝ 1984 թ. ծնված Ա.¸ 1988 թ. ծնված Ռ. և 1986 թ. ծնված Ռ. Հ.-երը հոսպիտալացվել են Արարատի բժշկական կենտրոն. Ռ. Հ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Բժիշկները Ռ. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր¸ իսկ Ա. Հ.-ինը՝ միջին ծանրության: Փրկարարները Կ. Կ.-ի և Վ. Ղ.-ի դիերը դուրս են բերել ձորից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվությունից պարզ է դառնում, որ զոհվածները պայմանագրային զինծառայողներ են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում մարտի 9-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհված պայմանագրային զինծառայողներ, Կարեն Իշխանի Կարապետյանի, Վահան Մնացականի Ղուկասյանի և Ռուսլան Ռաֆայելի Հարությունյանի հարազատներին և կիսում է կորստյան ծանր վիշտը: