Սրբոց նահատակաց վարժարանի փոքրիկ գիտնականները
«Գիտական մտքերի հանդիպում». ահա այսպիսի խորագրով յուրաքանչյուր տարի Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանում անցկացվում է «Գիտական շաբաթ», որին մասնակցում են 10-12 տարեկան աշակերտները։ Այն կազմակերպվում է, որպեսզի երեխաների երևակայությունն ու միտքն ավելի զարգանան գիտական աշխարհի վերաբերյալ։ «Նրանք ուսումնասիրում են անցյալ և ներկա գիտնականների ուսումնասիրությունները։ Յուրաքանչյուր աշակերտ ունի իր արտոնագիրը, և յուրաքանչյուրը կարող է բացատրել իր գյուտը և դրա նշանակությունը։ Եվ պատահական չէ, որ նրանց անվանում են Սրբոց Նահատակաց վարժարանի «փոքրիկ գիտնականներ»,- ասաց վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանը։
Գիտական շաբաթին իրենց մասնակցությունն էին բերել ամերիկահայ ճարտարապետների և գիտնականների ընկերության ճանաչված անդամներ՝ Հովհաննես Մարտիրոսյանը, Արամ Սեթյանը, Դավիթ Միքայելյանը և նվիրատու Վահան Թանալը։ Յուրաքանչյուր լավագույն գիտափորձի համար սահմանված էր դրամական պարգև։ Պրիաննա Թահմիզյանը արժանացավ առաջին կարգի մրցանակի՝ $ 100, Կարոլինա Գեոքչյանը և Դավիթ Հովհաննիսյանը՝ $50 :
Այնուհետև ժյուրիի անդամները գիտական շաբաթի մասնակիցներին պարգևատրեցին հավաստագրերով և գովասանագրերով։ Գիտական շաբաթին մասնակցեց նաև երիտասարդ մեխանիկ-ինժեներ Հակոբ Բչագչյանը, որը հետաքրքիր փորձարկումներ կատարեց աշակերտների համար։
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՆՅՈՒ ՅՈՐՔ
Լուսանկարները՝ հեղինակի