Միևնույն անձը կրկին բարձրացել է Սասունցի Դավթի արձանի վրա
Վերջին երեք օրում արդեն 2 անգամ Երևանի Սասունցի Դավթի արձանից ԱԻՆ փրկարարական ջոկատներն իջեցրել են միևնույն քաղաքացուն։ Ոչ սթափ կամ ոչ հավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին բարեբախտաբար ուշադրություն է հրավիրում ոչ կամուրջների վրայից։ Սասունցի Դավթի արձանը նրա համար նոր հանգրվան է։ Այսպես՝ Մարտի 8-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է ոչ սթափ վիճակում և չի ցանկանում ինքնուրույն իջնել: Փրկարարներն իջեցրել են Հ. Պ.-ին (ծնվ. 1958 թ.). քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: Մարտի 10-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, ով հրաժարվում է իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգչի հետ և մեկ ավտոսանդուղք: Փրկարարները ոստիկանների հետ համատեղ 1958 թ. ծնված Հ. Պ.-ին իջեցրել են ցած, իսկ հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: