Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրթական թերի ծրագիրը՝ հիվանդությունների պատճառ (տեսանյութ)

Հասարակություն
sparox

Մարտի 15-ին ամբողջ աշխարհում նշվում է Սպառողների միջազգային օրը: Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը ցավով նշում է, որ ամբողջ աշխարհի մեջ Հայաստանը չի մտնում: Նրա համոզմամբ՝ սպառողական կրթության պակաս կա մեր երկրում. «Ինչքան կիրթ սպառող ենք ունենում, պետական այրերին ավելի քիչ աշխատանք ենք թողնում: Եթե սպառողը ինքը պահանջկոտ է եւ կարողանում է ինքնուրույն պաշտպանել իր իրավունքները, այդ դեպքում կունենանք քաղաքակիրթ հասարակություն»,-նշեց նա: Տիկին Հակոբյանին անհանգստացնում է հարցը, թե ինչու կրթական ծրագրում սպառողական կրթությունը մտցված չէ. «Ինչու՞ չենք ցանկանում սպառողական կրթությունը մտցնել մեզ մոտ: Վախենում ենք, որ ժողովուրդը ավելի ցիվիլ, ավելի պահանջկո՞տ կլինի»,-ասաց նա՝ հավելելով, որ այս հարցում հույսը կապում է կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: «Ամեն մի հիմար առարկա մտցնում են կրթական ծրագրի մեջ, բայց այն, որ մեր ազգին պետք է դարձնի պահանջատեր, ցիվիլ, իր եւ իր ընտանիքի առողջությունը պահպանող, դրա մասին մենք չենք մտածում»,-ասաց տիկին Հակոբյանը: Ըստ նրա՝ նման բացթողումների պատճառով են առաջանում եւ զարգանում տարատեսակ հիվանդությունները. «Երբ այցելում եմ բուժհիմնարկներ, ես սարսափում եմ. նույնիսկ ամենաթանկ բուժհիմնարկներում ժողովուրդը վխտում է: Սա նշանակում է, որ մենք հիվանդ ազգ ենք: Եթե տարիներ առաջ ես ասում էի, որ քաղցկեղը, սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդացել են, ապա այսօր ես ասում եմ, որ դրանք մանկացել են»: Հակոբյանի խոսքով՝ թե’ տնտեսվարողը, թե’ սպառողը չգիտեն օրենքը: Օրինակ, որ կարելի է գնված ապրանքը 14 օրվա ընթացքում հետ վերադարձնել՝ բացառությամբ դեղերի եւ ներքնազգեստի: Պահանջը չկատարող տնտեսվարողը, սակայն, որեւէ պատիժ օրենքով չի կրում: «Հետ վերադարձնելը համոզելու վրա է»,-եզրափակեց Մելիտա Հակոբյանը: