8 խորհուրդ` անձնական տվյալները պաշտպանելու համար
Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհուրդներ է տալիս քաղաքացիներին. 1. 10 չափիր մեկ գործիր Ամեն քայլափոխի՝ համացանցում կամ իրական կյանքում անձնական տվյալներ են պահանջում: Կուրորեն մի վստահեք Ձեր անձնական տվյալները: Մտածեք, թե ինչու են այդ տեղեկատվությունը պահանջում, ով և ինչպես կարող է դրանք հետագայում օգտագործել: Հիշեք, որ Համացանցը երբեք չի մոռանում: Մի անգամ տեղեկատվությունը տրամադրելուց հետո շատ դժվար է այն հետ ստանալ: Մտածեք, թե որոշ մեկնաբանություններ կամ լուսանկարներ ինչ ազդեցություն կարող են ունենալ Ձեր կամ այլոց համբավի վրա: Հարգեք այլ անձանց գաղտնի մնալու իրավունքը: 2. Հարցեր տվեք Սովորություն դարձրեք կարդալ ինտերնետ կայքերի և հավելվածների գաղտնիության ապահովման քաղաքականությունը: Թե պետական, թե մասնավոր կազմակերպությունները պարտավոր են պատասխանել անձնական տվյալները օգտագործելու և պաշտպանված լինելու վերաբերյալ ձեր ցանկացած հարցի: Եթե չեն կարողանում պատշաճ պատասխանել, կամ բավարարված չեք տրված պատասխանով, ապա զգույշ եղեք: 3. Ծանոթացեք պայմանագրերի բոլոր կետերին Հեռահաղորդակցության կապի օպերատորի կամ այլ կազմակերպության հետ պայմանագիր կնքելիս ծանոթացեք պայմանագրի բոլոր կետերին, պարզեք թե ինչպես և ում կողմից Ձեր անձնական տվյալները կարող են օգտագործվել, պարզեք տվյալները երրորդ կողմին տրամադրելու կարգը և պայմանները։ 4. Պաշտպանեք Ձեր Հանրային ծառայությունների համարանիշը Ձեր Հանրային ծառայությունների համարանիշը օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից <<Հանրային ծառայությունների համարանիշի մասին>> ՀՀ օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ծառայություններ մատուցելիս` անձնական տվյալների տեղեկատվական բազաներում Ձեր նույնականացումն իրականացնելու նպատակով: Խուսափեք այն մասնավոր ոլորտի կազմակերպություններին կամ անհատներին (օրինակ վարձակալվող տան տիրոջը) տրամադրելուց: 5. Պաշտպանեք Ձեր սարքավորումները Համոզվեք, որ Ձեր համակարգիչը, սմարթֆոնը և այլ շարժական սարքերը պաշտպանված են գաղտնաբառով: Նյութեր ներբեռնեք միայն հեղինակավոր աղբյուրներից: Ունեցեք հակավիրուսային, հակասպամային ծրագրեր, և ապահովեք դրանց թարմ լինելը: Եթե չեք օգտագործում Wi-Fi կամ Bluetooth, ապա անջատեք դրանք: Տվյալները խոցելի են, երբ հանրային տարածքներով անցնելիս անջատված չէ սարքի Wi-Fi կամ Bluetooth: Հանրային վայրերի Wi-Fi կամ Bluetooth միացած մի ուղարկեք կարևոր տեղեկություններ: Բացեք միայն Ձեզ ծանոթ մարդկանց ուղարկած էլեկտրոնային ֆայլերը: Ձեր շարժական սարքավորումները մի թողեք aռանց հսկողության: 6. Պաշտպանեք Ձեր գաղտնաբառերը Համոզվեք, որ Ձեր գաղտնաբառը դժվար է կռահել: Ընտրեք գաղտնաբառեր 8 կամ ավելի նիշերով: Համադրեք փոքրատառերը, մեծատառերը, թվերը և սիմվոլները: Տարբեր ինտերնետային կայքերի, հավելվածների և սարքավորումների համար ընտրեք տարբեր գաղտնաբառեր: Պարբերաբար փոխեք դրանք: Գաղտնաբառերը գրի մի առեք և մի տվեք այլ անձանց: 7. Ծանոթացեք գաղտնիության կարգավորումներին Բջջային սարքերը, բրաուզերները, կայքերը, հավելվածները և այլ ինտերնետին միացվող սարքավորումները, ինչպիսիք են տեսախաղերը և տեսախցիկները, հաճախ ունեն կարգավորվող գաղտնիության պարամետրեր: Ինտերնետին միացվող սարքավորումները կարող են վերահսկել ամեն ինչ` օրինակ, հետևել գտնվելու վայրը: Բրաուզերներներից օգտվողները կարող են վերահսկել տվյալների փոքր փաթեթները (cookies) և ինքնաբացվող պատուհանները համակարգչային ծրագրերում (pop-ups), իսկ կայքերը և հավելվածները, օրինակ՝սոցիալական կայքերը, ընդհանուր առմամբ, թույլ են տալիս օգտվողներին վերահսկել, թե ինչ անձնական տեղեկություններ ուրիշները կարող եք տեսնել իրենց մասին: Պարբերաբար վերանայեք և կարգավորեք գաղտնիության պարամետրերը, փոխեք նախնական կարգավորումները /default settings/: 8. Իմացեք Ձեր իրավունքները Կարդացեք ՀՀ օրենքը <<Անձնական տվյալների պաշտպանության մասին>>: Ավելին իմանալու համար դիմեք ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն: