Մի քանի համայնքներում երեկ գիշեր ցրտահարություն է եղել. նախարար
Երեկ գիշեր Հայաստանի մի շարք շրջաններում եղել է ցրտահարություն: Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա հավաստմամբ՝ ամենից շատ տուժել են Զվարթնոցի եւ Փարաքարի շրջանները, որտեղ գրանցվել է մինչեւ -5 -7 աստիճան. «Սա չի կարելի ամբողջացնել, քանի որ համայնքներ կան, որտեղ տարբեր ջերմաստիճաններ են գրանցվել: Մի տեղ ջուրը սառել է գետնի վրա, իսկ տեղեր կան, որտեղ ընդհանրապես բացասական ջերմաստիճան չի գրանցվել»,- նշեց Սերգո Կարապետյանը: Նա հիշեցրեց, որ այսօր նույնպես, ըստ կանխատեսումների, նորից ցուրտ հոսանքներ են սպասվում. «Այսօր և վաղը սպասվում է ավելի ցածր ջերմային ռեժիմ: Դրա համար արդեն չորս օր է՝ խորհրդատվություն ենք անցկացնում և գյուղացիական տնտեսություններին հորդորում ենք անպայման ծխապատում իրականացնել»: Կորուստների մասին խոսել նա դեռ վաղ համարեց: