Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Հայրապետյանը զգուշացրել էր Վազգեն Սարգսյանին (տեսանյութ)

Հասարակություն
vtar1

Հրապարակախոս և  վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի հարազատներն ու ընկերները նրա ծննդյան օրը տոնում են այլ պայմաններում: Նրանք չեն հավատում, որ հրապարակախոսի կյանքը  17  տարի առաջ խլած մարտի 9-ի  ավտովթարը կարող էր պատահականություն լինել: «Շատ լավ գիտեինք, որ նրան և սպառնում էին  և զանգահարում էին, ամեն ձևի ահաբեկումներ եղել են մինչ այդ»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Տիգրան Հայրապետյանի ընկերներից Սամվել Մելքոնյանը: Տիգրան Հայրապետյանի  վերլուծական հոդվածներն ու քաղաքական հայացքներն էլ  հարազատների  պնդմամբ՝ բնավ դուր  չէին գալիս այն ժամանակվա իշխանություններին: «Օրինակ կոնկրետ Վազգեն Սարգսյանի մահը ինքը գրել էր իր հոդվածներում, որ նա լինելու է առաջին զոհը Ռոբերտ Քոչարյանի , այնպես որ թող զգուշանա, բայց ինչպես տեսանք Վազգեն Սարգսյանը  դաս չքաղեց, ինչի արդյունքում ունենք այն ինչ-որ այսօր ունենք»,-շեշտեց Սամվել Մելքոնյանը: 1999թ-ի  մայիսի 9-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի  առաջին ատյանի դատարանը  Տիգրան Հայրապետյանին վրաերթի  ենթարկած Անդրանիկ Մաշակարյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 4 տարվա ազատազրկման: Տուժող կողմից դատական նիստին ներկա է եղել միայն Սամվել Մելքոնյանը: Վերջինս այս համատեքստում ընդգծում է, որ դատարանը  շատ իմիջայլոց էր քննում  գործը: «Դատարանը ինչ-որ պատիժ էլ սահմանեց, դա էլ ինձ թվում է ուղղակի ձևի համար, որ իբր մեր կողմից բողոքներ չլինեն»,-ասաց նա: Ամեն տարի այս օրը  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում Տիգրան Հայրապետյանի ծննդյան տոնին  նվիրված միջոցառումներ  ու հասարակագիտական ստուգատես է  իրականացվում: Կրթահամալիրում գործում է նաև Տիգրան Հայրապետյանի  անունով գրադարանը, իսկ  այսօր էլ բացվեց նրա  անունով ընթերցասրահը: Կրթահամալիրի սաները կազմակերպել էին  նաև ռոք- համերգ: vtar Մանրամասները՝ տեսանյութում: