Սառած ծաղկեբույլեր՝ սպասվող բերքի փոխարեն (տեսանյութ)
Արմավիրի մարզի Այգեկ համայնքի այգեգործ Ռոբերտ Նազարյանը կորցրել է ծիրանի բերքի մեծ մասը։ Ցրտահարությունը չի խնայել այգու 80 ծառից և ոչ մեկը։ «Արդեն մեռած է էս ծաղիկը, սառնությունը դեռ պաշտպանում է, կպաշտպանի մինչև շոգը ինքը թափի»։ Վնասի չափը դեռ հայտնի չէ, սակայն արդեն պարզ է՝ բերքը կբավարարի միայն ընտանիքին։ Երկար տարիների այգեգործը լավ գիտի ցրտահարության դեմ պայքարի ձևերը, սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ։ «Ժողովրդի վիճակն այն չի, չեն կարողանում այդքան պայքարեն, մարդ կա կարող է 20-30.000 դրամի ծախս անի, բերի հասցնի, գիշերը չքնի, բայց անարդյունք»,- պատմում է պարոն Ռոբերտը։ Աղետից խուսափելու համար ծխահարումից բացի մեկ այլ տարբերակ էլ կա՝ այգիները առատ ջրելը։ Բայց ոռոգման համակարգերի քայքայված վիճակը դա թույլ չի տալիս։ «Ասենք մեզ ջուրը տվեցին, խոսքի երկու-երեք օրով, մի գծով ենք բերում, երկու հոգի ամբողջ օրը ջրեն, մի դաշտ եղավ, երկու դաշտ եղավ, բա այն մնացածի հարցը ո՞նց պետք է լինի»,- մտահոգվում է այգեգործը։ Խորհրդային շրջանում գյուղի այգիները պաշտպանված էին անտառաշերտերով, որը նվազեցնում էր բերքի կորուստը։ «Այդ անտառաշերտը չկա, որ կողմից ասես քամին մտնում է, մի քիչ անձրև է՝ որ գա ցողունի վրա ինքը սառում ա, քամին տալիս ցրտահարում է»։ Ծիրանի բերք չեն ունենա նաև հարևան Մերձավան համայնքում։ Ծառերը պահպանելու այսպիսի մեթոդն անգամ չի օգնել։ Վնաս կրած գյուղացիներից Արայիկ Հարությունյանը պատմում է ապարդյուն աշխատանքի մասին։ «Գիշերը 4 անց կես արթնացել եմ, նախորոք արդեն դզել էի, պատրաստել էի՝ խոտ, ցախ, ինչ ընկել էր ձեռքս, մինչև առավոտ 8 անց կես դեռ ծուխ կար, բայց իտոգում ինքը էլի վնասվել ա»։ Գյուղատնտեսության նախարարության աջակցությունը եղել է միայն խորհուրդների տեսքով։ Ըստ գյուղացիների՝ կորուստների պատճառ դարձել է նաև եղանակի սխալ կանխատեսումը։ «16-17-ի համար ոչ մեկ ոչինչ չի ասել, ասել են՝ ամենացուրտ օրը լինելու է 18 լույս 19-ի գիշերը։ Հենց 17-ին ցրտահարությունը եղել է»,- ասում է պարոն Արայիկը։ Հիմա, երբ գյուղացիներն արդեն գիտեն, որ գյուղատնտեսական տարին կորուստներով են սկսում, մտածում են գոնե հաջորդ տարի բերք ունենալու մասին։ Այգեկի գյուղապետի մոտավոր հաշվարկներով համայնքի վնասը 30-40 միլիոն դրամի սահմաններում է։ «Կառավարությունը ոռոգման ջուրը անվճար դարձնի, որ ծառերը վերականգնվեն, ցրատահարությունից հետո գոնե մարդիկ բերք ունենան։ Եվ եթե հողի հարկն էլ կարողանա զիջի մեր համար կլինի մեծ օգնություն»,- ասում է Վարուժան Աբրահամյանը։ Վերջին հինգ օրերին ջերմաստիճանի կտրուկ անկման արդյունքում հիմնականում տուժել են Արմավիրի և Էջմիածնի, Բաղրամյանի առանձին համայնքներ, Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանը։