Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեղերի մոտ 65 տոկոսը ներկրում է 4 կազմակերպություն

Պաշտոնական
68846

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մանրածախ օղակում իրականացրած ուսումնասիրության արդյունքները, որն իրականացվել է  ՀՀ վարչապետի հանձնարարականով: «Արդյունքում պարզվել է, որ  լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները 2016թ. մարտ ամսին 2015թ. դեկտեմբերի համեմատությամբ նվազել են միջին հաշվով 1,4 տոկոսով, ընդ որում` դրանցից 47 անվանում դեղերի միջին շուկայական գները նվազել են շուրջ 4 տոկոսով, իսկ 7-ի գները բարձրացել են շուրջ 3 տոկոսով: Առիթից օգտվելով ցանկանում եմ տեղեկացնել նաև, որ Ազգային ժողովում առաջին ընթերցում անցած «Դեղերի մասին» նոր օրենքի և դրա ընդունմամբ պայմանավորված մի շարք այլ օրենքների նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովի նիստում պատգամավորների հնչեցրած շուրջ 40 հարցերից բացի, ստացվել են թվով 44 գրավոր առաջարկություններ, որոնց մի զգալի մասն ընդունվել է և նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Արդյունքում նախագիծն էականորեն բարելավվել է և ընդունման դեպքում կկարգավորի դեղի շրջանառության ողջ շղթան՝ սկսած դեղ ստեղծելուց, պահեստավորումից, տեղափոխումից մինչև սպառողին հասնելը: Ինչպես նաև դեղերի գների կարգավորման միջոցով կապահովվի փոխհատուցվող դեղերի գների կանխատեսելիությունը, դեղատոմսերի ներդրմամբ կնվազի ինքնաբուժությունը և դրա բացասական հետևանքները, զուգահեռ ներմուծմամբ կխթանվի դեղերի գների նվազումը, բոլոր փուլերով պատշաճ կանոնների և մեծածախ իրացման լիցեզավորման պահանջի ներդրմամբ կբարձրացվի դեղի որակի, անվտանգության և արդյունավետության մակարդակը: Կներդրվի հետգրանցումային դիտարկումների և կողմնակի ազդեցությունների մոնիթորինգի գործուն համակարգ:     Նախագծերի վերանայված փաթեթն Ազգային ժողովում երկրորդ ընթերցում անցնելու նպատակով մինչև Ձեր կողմից սահմանած ժամկետը՝ ս.թ ապրիլի 4-ը,  կներկայացվի կառավարություն»,-նշել է նախարարը: Վարչապետը, անդրադառնալով խնդրին,  նշել է, որ դեղերի մոտ 65 տոկոսը ներկրում է 4 կազմակերպություն, և որպեսզի դիրքի չարաշահում ընդհանրապես չլինի, առաջարկել է պատկան մարմիններին հետևողական  լինել այդ հարցում: Այնուհետ Հովիկ Աբրահամյանն  անդրադարձել է ՀՀ-ում և ԼՂՀ-ում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հարցին՝ նշելով, որ դրա արդյունավետության և օգտագործման հնարավոր խախտումների վերաբերյալ կան մտահոգություններ: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարություններին՝ Վերահսկիչ պալատի հետ միասին քննարկել այդ հարցը և կարճ ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ ծրագրի արդյունավետության բարձրացման ու հնարավոր չարաշահումների կանխման վերաբերյալ: