Նյու Յորքի «Արձագանք» ՀԸ-ն հասանելի է ողջ աշխարհում
Նյու Յորքի «Արձագանք» անկախ հայկական հեռուստաընկերությունը բոլորեց իր 20 տարին ։ Առաջին հեռարձակումը տեղի ունեցավ 1996թ․ապրիլի 3-ին՝ Հայաստանից ժամանած մի խումբ նվիրյալների կողմից՝ Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի առաջատար դերասան Արա Մանուկյանի գլխավորությամբ ։
Ա․Մանուկյանն առաջին հայ դերասանն է, որ հանդես է եկել արտասահմանյան ֆիլմում, որն էլ 1992թ․ արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի ։ Անդրադառնալով նրա կողմից հիմնադրված «Արձագանք»-ին՝ ասենք, որ 20 տարիների ընթացքում թողարկվել է շուրջ 1100 հաղորդում և 3000-ից ավելի նկարահանում, որտեղ բազմիցս ներկայացվել է մեր ազգային և հոգևոր ղեկավարների, քաղաքական գործիչների, նշանավոր հայ գիտնականների, բժիշկների և արվեստագետների, ինչպես նաև հայ մշակույթը, երգն ու երաժշտությունը։ 2010թ․ «Արձագանք» հեռուստատեսությանը միացավ Երևանից ժամանած արհեստավարժ հաղորդավարուհի Մարինա Մադոսյանը, որը հայտնի էր Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Բարի լույս, Հայաստան» հաղորդաշարով։ Մի քանի տարի շարունակ նա վարել է «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթի հասարակայնության և մամուլի հետ կապերի բաժինը։
«Արձագանքը» 20 տարի շարունակ իր հաղորդումները հեռարձակել է Նյու Յորքի Քուինզ շրջանից։ Իր նվիրյալ աշխատանքով և հեռուստադիտողների նվիրատվությունների շնորհիվ, այժմ ծրագիրը հեռարձակվում է Նյու Յորք, Նյու Ջերսի և Ռոտ Այլնդ նահանգներում։ «Արձագանքն» ունի նաև ինտերնետային կայքէջ՝ ardzagangtv.com, որով այն հասանելի է աշխարհի յուրաքանչյուր անկյունում։
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՆՅՈՒ ՅՈՐՔ