Նաիրա Զոհրաբյանը՝ ծաղրուծանակի ենթարկվող կենդանիների մասին
ԱԺ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից անցկացվող «Անազատ եւ կիսազատ պայմաններում վայրի կենդանիների պահելու օրենսդրական կարգավորումը եւ առկա թերությունները» խորհրդարանական լսումներին հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը նշեց, որ այս քննարկման համար հիմք է հանդիսացել Գյումրու գազանանոցի անմխիթար վիճակը, որին ակտիվորեն անդրադարձավ միջազգային մամուլը: Ըստ նրա՝ ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ պետք է իրականացվեն անազատ եւ կիսազատ վայրի կենդանիների պետական հաշվառում, իսկ ՀՀ Կարմիր գրքում գրանցվածների դեպքում՝ ամեն տարի: Այդ բոլոր ցուցանիշներն այնուհետեւ պարտադիր հրապարակման ենթակա են»: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը եւս հայտարարեց, որ ազատ կամ կիսազատ վայրի կենդանիների պահելու, պահպանելու, ներկրելու ու արտահանելու օրենսդրական փաթեթի ներկայացումը պայմանավորված է մինչ այժմ եղած օրենսդրական բացերով: Իսկ Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ փաթեթի վրա աշխատել են երկուս ու կես ամիս եւ կատարել մի շարք փոփոխություններ. «Ազատ եւ կիսազատ վայրի կենդանիների արտահանումը, պահպանումը պետք է իրականացվի լիազորված մարմնի կողմից, իսկ գյուղատնտեսական եւ արդյունաբերական նպատակներով արտահանման, վերաբնակեցման դեպքերում հիմք է դառնում պայմանագիրը լիազոր մարմնի հետ»: Պարոն Հակոբյանը նշեց նաեւ, որ այն անձինք, որոնք պահում են անազատ կամ կիսատ վայրի կենդանիներ, պետք է ունենան պատասխանատվություն եւ ամեն տարի վճարեն գումարները: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, նրան հարց ուղղելով, նշեց, որ իրենց են դիմել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող մի շարք ՀԿ-եր, թե ինչպե՞ս վարվել այն անձանց հետ, որոնք անձնական ռեստորանային համալիրներում՝ որպես հաճախորդ գրավելու միջոց, պահում են կենդանիներ. «Նրանց խոշտանգում են, հասցնում սովամահության: Այստեղ պետք են խստագույն պատժամիջոցներ ըստ միջազգային չափանիշների: Նշված խնդրին կարծես թե չեք անդրադառնում օրենսդրական այս փաթեթում: Ստացվում է՝ ինչ-որ մեկն իր հավեսի համար իր օբյեկտում արջ կամ այլ կենդանի է պահում ու թույլ տալիս, որ այդ կենդանուն ծաղրեն ու նվաստացնեն, ու ոչ մի պայման չկա այդ կենդանիների պահպանման»: Խաչիկ Հակոբյանը պատասխանեց՝ ասելով, որ այս փաթեթի հիմքում հենց այդ խնդրին է դրված. «Առաջին անգամ ներդրում ենք թույլտվությունների ինստիտուտը: Անազատ կամ կիսազատ վայրի կենդանիների պահպանման նպատակը, պայմանների կարգերը մաքսիմալ պետք է այնպես մշակենք, որ հետագա բոլոր խնդիրների կանխարգելման մեխանիզմները լուծվեն»: Նաիրա Զոհրաբյանը նաեւ հետաքրքրվեց մոնիտորինգ լինելո՞ւ է. «Ընդհանրապես պետք է արգելվի զվարճանքի կենտրոններում սեփական գազանանոց ունենալու ծրագիրը»: Խաչիկ Հակոբյանը վստահեցրեց, որ զվարճանքի վայրերը չեն կարողանալու ըստ այս օրենսդրական փաթեթի ունենալու պահպանման համապատասխան պայմաններ. «Սա զսպաշապիկ է լինելու»: ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ հետաքրքրվեց հարեւան երկրներից միգրացիայի ենթարկվող կենդանիներից. «Մենք որոշակի մոնիթորինգ անելու հնարավորություն ունե՞նք, թե ինչքան են կազմում այդ կենդանիները, որ որսի թույլտվության հնարավորություն տանք»: Բնապահպանության փոխնախարարը վստահեցրեց, որ դա լիարժեք հնարավոր է վերահսկել, քանի որ ազատ բնության պայմաններում այլ նորմատիվ ակտերով են դրանք կարգավորվում: