Երիտասարդների եւ երեխաների հոսքը եկեղեցի ավելացել է. քահանա (տեսանյութ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր ննջեցյալների հիշատակության համար մատուցված Սուրբ Պատարագը սովորականից ավելի երկար տեւեց: Եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Մատաթիա քահանա Գասպարյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր գերեզմանատներ են այցելում հենց մեռելոցի օրը: «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի հինգ տաղավար տոն, որին հաջորդող երկուշաբթին մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օրը: Ես ինքս նկատել եմ, որ որոշակի չափով այդ օրենքը, կանոնը պահում են, եւ մեր քաղաքացիները երկուշաբթի օրն են գնում գերեզմանատներ, որն ավելի ճիշտ է: Բուն տոնի օրը պետք է եկեղեցում նշել, դա ողջերի տոնն է, իսկ հաջորդ օրը ընձեռվում է այդ հնարավորությունը՝ հիշատակելու ննջեցյալներին: Ճիշտ կլինի, որ բոլորս էլ այդպես վարվենք»,-ասաց քահանան: Ինչ վերաբերում է Քրիստոսի Հարության տոնին, որը Հայ Առաքելական եկեղեցին տոնեց երեկ՝ մարտի 27-ին, ապա Տեր Մատաթիա քահանա Գասպարյանի խոսքով՝ ավելացել է նաեւ երիտասարդների եւ երեխաների հոսքը եկեղեցի: «Շատ ուրախալի փաստ է, որ Քրիստոսի Հարության տոնը երիտասարդները եւ երեխաները չեն սահմանափակվում միայն ընտանեկան սեղանի շուրջ տոնելով, այլ գալիս են նաեւ եկեղեցի,-ասաց նա՝ հավելելով,- տոնի խորհուրդը մեզ նոր կյանք պարգեւելն է՝ նորոգվելով Քրիստոսի սրբազան Հարության խորհրդով»: