Նարեկ Սարգսյանին հնարավոր է հրավիրեն դատարան (տեսանյութ)
«Նարեկ Սարգսյանի հարցաքննելով անհրաժեշտ է պարզել, թե ինչ չափանիշներից ելնելով եւ ինչ մեխանիզմներով է մշակվել իր հիշատակած քաղաքաշինական ծրագիրը եւ որոշվել է այն իրականացնող սուբյեկտը՝ Ռենշին ՍՊԸ-ն»,- այսօր դատարանում հայտարարեց փաստաբան Արթուր Գրիգորյանը: Թումանյան 25 շենքի 7 սեփականատերեր դիմել են դատարան՝ ընդդեմ կառավարության, Երեւանի քաղաքապետարանի և «Ռենշին» ՍՊԸ-ի: Հայցվոր կողմը պահանջում է առոչինչ ճանաչել կառավարության որոշումը եւ քաղաքապետարանի ու «Ռենշին»-ի միջեւ կնքված պայմանագիրը ՝ օտարման գործընթացի վերաբերյալ։ «Ռենշին»-ը որոշել է տարածքում հյուրանոցային համալիր կառուցել: «Ունենք գույք, եւ մեր գույքի վերաբերյալ որոշում է կայացվել, պայմանագիր է կնքվել. դա հակասում է սթափ տրամաբանությանը»,- ասում է Դավիթ Եղիազարյանը: Իսկ Լեւոն Մելիքյանը դատարանից ակնկալում է նախադեպային որոշում: Թումանյան 25 շենքի տարածքը դեռ հանրային գերակա շահ չի ճանաչվել, փաստաբանը հույս ունի, որ չի էլ ճանաչվի: «Այստեղ խնդիրն այն է, որ պատրաստի Երեւանի սրտում, կենտրոնում լինի, որպեսզի նաեւ դրամաշրջանառությունը ավելի մեծ լինի, շատ ավելի շուտ հարստանան, Էլի թող հարստանան, բայց այդ գրպանային շահերը երբվանից դարձավ գերակա շահ»,- ասաց Արթուր Գրիգորյանը: Գործով կհրավիրվի եւս մեկ դատական նիստ, որի օրվա եւ ժամի մասին կողմերին կտեղեկացվի լրացուցիչ: Ի դեպ, այսօրվա դատական նիստին պատասխանող կողմը չէր ներկայացել, թեեւ պատշաճ ծանուցված էր եղել: