«Գրադ»-ից վնասվածքներ ստացած երեխային կվիրահատեն
ԼՂՀ Մարտունու ուղղությամբ «Գրադ» կայանքից իրականացված հրթիռակոծության հետեւանքով վնասվածքներ ստացած 11-ամյա Գեւորգ Գրիգորյանին երկու-երեք օրից հնարավոր է վիրահատեն: «Վերքը լրիվ կկարենք, հիմա մշակում ենք, չենք թողնում, որ ինֆեկցիան զարգանա, վերքը մաքրվելուց հետո կկարենք: Գեւորգ Գրիգորյանին այսօր եւս ընդհանուր անզգայացման տակ վիրակապել են, վերքը մաքուր է»,- «Ա1+»-ին ասաց Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը: Հիշեցնենք, որ Գեւորգ Գրիգորյանը վիրավորվել էր ապրիլի 2-ին՝ դպրոցի բակում, նրա ընկերը՝ 12-ամյա Վարդան Անդրեասյանը, եւս վնասվածքներ էր ստացել: Նրան արդեն վիրահատել են եւ ոսկորը ֆիքսվել է: «Հետվիրահատական շրջանը ընթանում է հարթ, վերքը մաքուր է: Ապարատը գործում է, ամեն ինչ նորմալ է»,- նշեց Մեսրոպ Մարգարյանը: Իսկ Գեւորգի երկվորյակ եղբայրը՝ Վաղինակ Գրիգորյանը, ադրբեջանցիների կողմից իրականացված հրթիռակոծության հետեւանքով ապրիլի 2-ին մահացել էր: ԼՂՀ առողջապահության նախարարությունից էլ տեղեկացրել են, որ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 քաղաքացիական վիրավոր՝ Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը կայուն ծանր է` դրական դինամիկայով: Գարեգին Աղաջանյանը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում: Նրա վիճակը կայուն է: