A
A
ՀԾԿՀ-ն կքննարկի հոսանքի հաշվիչների մասին բողոքը
Վաղը՝ ապրիլի 13-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվելու է ՀԷՑ-ին պատասխանատվության ենթարկելու հարցը: Նշված վարույթը հարուցվել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գրության հիման վրա, որով նա ՀԾԿՀ-ին է փոխանցել բազմաթիվ քաղաքացիների բողոքն առ այն, որ էլ. էներգիայի հաշվիչների գիշերային ժամանակն իրական ժամանակից մի քանի ժամ հետ է մնում, ինչի հետևանքով քաղաքացիներն էլ. էներգիայի դիմաց գիշերը վճարել և վճարում են ցերեկային սակագնով: ՀԷՑ-ի կողմից էլ. էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների խախտման համար, որպես սանկցիա, ՀԾԿՀ կողմից նախատեսվում է ՀԷՑ-ին տուգանել 5 մլն ՀՀ դրամի չափով, որը նշված իրավախախտման համար «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետով սահմանված նվազագույնն է:
«Նիստի ժամանակ պահանջելու եմ ՀԷՑ-ին տուգանել օրենքով սահմանված առավելագույն՝ 10 մլն ՀՀ դրամի չափով, ինչն ըստ իս՝ քննարկվող խախտման համար առավել համարժեք սանկցիա է: Ավելին, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տուգանքների գումարները հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում փոխանցվում են ՀՀ պետական բյուջե, այսինքն՝ նաև մեր բանակին»,- ասում է Էդմոն Մարուքյանը: