Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին

Պաշտոնական
7ebbf5a5-7d92-49e4-bd9c-b23a402fe5f7

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին: Նշենք, որ Իրանի էներգետիկայի նախարարը Հայաստան է ժամանել՝ Երևանում ապրիլի 13-ին էներգետիկ համագործակցության թեմայով կայանալիք Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով: Վարչապետը ողջունել է Իրանի էներգետիկայի նախարարի այցը Հայաստան՝ նշելով, որ բարձրաստիճան փոխայցերը նպաստում են երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը և հայ-իրանական բազմաոլորտ կապերի զարգացմանը: Երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացման համատեքստում Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը՝ գոհունակություն հայտնելով հանձնաժողովի համանախագահների ակտիվ համատեղ աշխատանքից: Վարչապետը ողջունել է Երևանում էներգետիկ համագործակցությանը նվիրված Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպման անցկացումը, որը, նրա խոսքով, կնպաստի տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը: Պարոն Չիթչիանը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և կարևորել Երևանում էներգետիկ համագործակցությանը նվիրված Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպումը: ԻԻՀ էներգետիկայի նախարարը նշել է, որ նման ձևաչափով համագործակցության զարգացումը նպաստում է տարածաշրջանային ինտեգրացիայի խորացմանը, էներգետիկ կայունության բարձրացմանը և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը: Համիդ Չիթչիանն արդյունավետ է գնահատել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքները և կարևորել  երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված շարունակական քայլերը: