Երևանյան ակումբները դատարկվել են
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակով պայմանավորված՝ ժամանցի վայրերում կտրուկ նվազել է այցելուների թիվը: «Ա1+»-ը երեւանյան փաբերից եւ ակումբներից տեղեկացել է, որ ապրիլի 1-10-ն ընկած ժամանակահատվածում այցելությունները բավականին պասիվ են եղել: Staff փաբից մեզ հայտնեցին, որ իրենք մեկ շաբաթ որեւէ միջոցառում չեն կազմակերպել: «Ամբողջ քաղաքի ժամանցի վայրերում նույն վիճակն է, եւ դա նորմալ է»,-ասաց փաբի ներկայացուցիչը: Stop club-ից էլ հայտնեցին, որ նույնիսկ իրենք տրամադրություն չեն ունեցել աշխատելու, ուր մնաց թե՝ մտածեին այցելուներ ունենալու մասին. «Ժողովրդի վիճակն այս օրերին պատկերացնելով՝ մեր բոլոր միջոցառումները չեղյալ ենք համարել: Մենք էլ տրամադրություն չունեինք, չէինք կարող ուրախանալ»,-ասացին ակումբից: Ի դեպ, ապրիլի 7-ին այստեղ հայ զինվորին նվիրված համերգ է տեղի ունեցել: Ապրիլի 1-ից 6-ն ընդհանրապես չի աշխատել Kami ակումբը: Մեզ հետ զրույցում ակումբի աշխատակցուհին ասաց. «Սկսել ենք աշխատել ապրիլի 7-ից: Այդ օրվա եւ ապրիլի 8-ի հասույթն ուղարկել ենք Լեռնային Ղարաբաղ: Ունեինք միջոցառումներ նաեւ ապրիլի 9-ին եւ 10-ին, որոնք չէինք կարող հետաձգել, սակայն այդ օրերին էլ բավականին քիչ այցելուներ ենք ունեցել»: Այս օրերին փոփոխություններ են կատարվել նաեւ Երեւանի կինոթատրոնների ֆիլմացանկում: «Կինոպարկն», օրինակ, սկսել է վերացուցադրել «Գարեգին Նժդեհ» ֆիլմն ու Արցախյան ազատամարտի մասին պատմող՝ «Թեւանիկ» ժապավենը: «Մոսկվա» կինոթատրոնն էլ վերջին օրերի իրադարձությունները նաշվի առնելով՝ սահմանափակել է զվարճալի եւ հումորային գովազդների եւ նմանատիպ այլ տեղեկությունների տարածումը։