Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՀԿ-ն տուգանել է 55 հազար դրամով. հայտնի չէ՝ ինչու

Հասարակություն
hamlet-badalyan

Դիլիջան քաղաքի բնակիչ, անհատ տաքսու վարորդ Համլետ Բադալյանին ԴԱՀԿ-ից տեղեկացրել են, որ իր հաշվի վրա 55 հազար դրամ տուգանք կա եւ պարտավոր է մուծել: «Դրանից առաջ որեւէ ծանուցում  չեմ ստացել, թե 55000 դրամի մուծումը ինչով է պայմանավորված»,- «Ա1+»-ին ահազանգեց Համլետ Բադալյանը: Նրա խոսքերով՝ նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա կեսերին առանց լիցենզավորման տաքսի վարելու համար իր մեքենան  նկարել էին:  Վարորդը եկել էր նաեւ Տրանսպորտի եւ կապի նախարարություն, որտեղ նրան զգուշացրել էին, որ անպայման պետք է լիցենզիա ձեռք բերի,  հակառակ դեպքում կտուգանվի 50 հազար դրամով: Լիցենզավորման եւ հաշվիչ տեղադրելու համար վարորդը պետք է   50 հազար դրամ վճարի, ամսական էլ՝ 8 հազար դրամ տուրք: Համլետ Բադալյանը հիշեցնում է, որ Դիլիջանում  30 հազար բնակչից  նույնիսկ 10 հազար չի մնացել եւ մնացողներն էլ հազիվ են գումար աշխատում: «Իսկ տաքսու աշխատանքը բնակիչների թվից է կախված: Օր է լինում՝ նույնիսկ  մարդ չի նստում, ես ո՞նց կարող եմ լիցենզիա հանել»,- ավելացնում է Համլետ Բադալյանը: Տաքսու վարորդի խոսքերով՝ ինքը մինչեւ վերջ գնալու է եւ չի մուծելու տուգանքը, որովհետեւ նախապես տեղեկացված չի եղել: «Ես չեմ հասկանում՝ ում եւ ինչի համար պետք է այդ գումարը մուծեմ:  Հասկացանք անտերություն է երկրում, ինչու այդքան անտերությո՞ւն է լինում: Այսինքն՝ ով ինչ ուզում է, անում է: Իրանց 55 հազար դրամ է պետք, ես պետք է տանեմ, տամ հա՞»,- եզրափակում է  Դիլիջան քաղաքի բնակիչ Համլետ Բադալյանը: