ՀԱԿ-ը եւ ՕԵԿ-ը հայտարարություն են տարածել
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակով ձևավորված 4+4+4 ձևաչափի բանակցություններն ավարտվեցին: Ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կողմից միասնականորեն առաջ քաշած խնդիրների լուծումը, որոնք միջազգային հանրության կողմից, ինչպես նաև դիտորդական կազմակերպությունների (մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) զեկույցներում բազմիցս նշվել են, որպես ընտրական համակարգի արատներ, ըստ էության, մերժվեց իշխանությունների կողմից: Մենք՝ բանակցային ձևաչափի մասնակիցներս, հայտարարում ենք. - Իշխանության ջանքերով չկայացավ երկրի ու հասարակության համար այդքան անհրաժեշտ կոնսենսուսը` ընտրական գործընթացը ազատ, արդար ու թափանցիկ դարձնելու, ընտրական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու համար: Ուստի լայն կոնսենսուսի բացակայությամբ ընդունվելիք Ընտրական օրենսգիրքն ավելի է խորացնելու իշխանության և ժողովրդի միջև առկա անջրպետը: - Ընտրական արատավոր ավանդույթները շարունակվում են: Սրա վառ ապացույցն են ապրիլի 17-ի ՏԻՄ ընտրությունները: Առավել ակնառու կերպով դրանք դրսևորվեցին Հրազդանի և Թալինի քաղաքապետերի ընտրություններում: - Մենք շարունակելու ենք Ընտրական օրենսգրքի նախագծի արմատական բարեփոխմանն ուղղված մեր ջանքերը` դա դիտելով Հայաստանի ժողովրդավարացման, ներքին կայունության ապահովման կարևորագույն միջոց: Իշխանությունները պետք է գիտակցեն, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն հանրային վստահության պայմաններում: Իսկ դրան հասնելու լավագույն ճանապարհը ներքին կյանքում և մասնավորապես ընտրական համակարգում արմատական բարեփոխումներն են և ընտրակեղծարարության համակարգի իսպառ կազմալուծումը: ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցություն ԱԺ ՕԵԿ խմբակցություն