Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը զգուշացնում է՝ հավաքների մասին ծանուցում չի ստացել

Պաշտոնական
police

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետություն են ժամանում օտարերկրյա պատվիրակություններ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման խնդիրն  իրականացնելու է պարեկապահակետային ուժեղացված ծառայությամբ՝ համայնքային ոստիկանության մեծաթիվ ծառայողների մասնակցությամբ: Նշենք, որ առաջիկա օրերին հավաքներ անցկացնելու վերաբերյալ  ոստիկանությունը մինչ օրս լիազոր մարմնից կարծիք ստանալու նպատակով ծանուցումներ չի ստացել: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նման իրազեկումներ կարող են ներկայացվել հավաքի անցկացման օրվանից նվազագույնը 7 օր առաջ: Հիշյալ ժամկետն ինքնանպատակ չէ, և ոստիկանությանը հնարավորություն է տալիս նախապես միջոցներ ձեռնարկել հասարակական կարգը, հավաքի բնականոն ընթացքը, հավաքի մասնակիցների անվտանգությունը և այլոց իրավունքներն ապահովելու ուղղությամբ: Նկատի ունենալով, որ իրազեկում ներկայացնելու վերը նշված ժամկետը բաց է թողնվել, ոստիկանությունը, հնարավոր հավաքներով պայմանավորված՝  ուժերի  և միջոցների բաշխում չի իրականացրել: Օրենքով սահմանված միջոցներով հավաքների հնարավոր սահմանափակումնները բացառելու նկատառումներով  մեր  քաղաքացիներին, հասարակական միավորումներին ու շարժումներին   կոչ ենք անում՝ հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրենց սահմանադրական  իրավունքն իրացնել բացառապես օրենքով սահմանված ժամկետներում և կարգով: Վստահ ենք, որ ոստիկանության կոչը՝ ուղղված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում հասարակական անվտանգության ապահովմանը, պատշաճ  արձագանք  կգտնի մեր հանրության կողմից: ՀՀ ոստիկանություն Խմբ. Հիշեցնենք, ապրիլի 21-ին և 22-ին քաղաքացիական նախաձեռնությունների կողմից նախատեսվել է հավաք երթ՝ ընդդեմ ՌԴ քաղաքականության։