Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփանակերտը՝ պատերազմից հետո. բնակչի աչքերով

Հասարակություն
step

Արհեստավոր Մուրադ Խաչատրյանը Ստեփանակերտում է տասը տարուց ավելի: Երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, դիրքեր բարձրանալ չի կարող, բայց եթե պետք լինի՝ անգամ դրան ուշադրություն չի դարձնի: Մուրադի տղան էլ դեռ անչափահաս է, բայց իր եղբայրներն ու նրանց որդիները դիրքերում են, ասում է՝ երբեմն խոսում ենք, բայց շատ փակ. «Դե գիտեք հիմա ոնցա, խոսում ենք, իմանում, որ լավ են ու վերջ, ավելորդ հարցեր չենք տալիս»: Նա փաստում է, որ չորսօրյա պատերազմն անհետևանք չմնաց, եղան մարդիկ, ովքեր խուճապի մատնվեցին և գնացին Ստեփանակերտից.  «Առաջ, երբ երեխայիս  դպրոց էի տանում մեքենաներն այնքան շատ էին, որ դժվարությամբ էի տեղաշարժվում, հիմա համարյա դատարկ է: Դե բայց բոլորը չեն գնացել, մի մասն էլ դիրքերում են»: Նրա ափսոսանքն էլ մեծ է մեր զոհերի համար. «Մերոնք դրան պատրաստ չեն, ոչ թե նրա համար որ չեն կարող, այլ չէին նախապատրաստվել: Տարբեր լուրեր են գալիս, որ նախապես իմացել են այդ մասին, բայց թե ինչու չեն պատրաստվել՝ չգիտեմ... Ադրբեջանցիների ձեռագիրն է այդպիսին՝ կոտորել խաղաղ բնակիչներին, հարձակվել քնած մարդու վրա: Թուրքը կռվող ազգ չի, նա կռվին չի դիմանա: Թուրքը քանի տարի է՝ զինվում է, իսկ մերոնք հանգիստ են, իսկ թե ինչու են այդպես հանգիստ, չեմ հասկանում: Թուրքը միշտ էլ կռիվներ է հրահրում: Ինչպես ասում են՝ շանը վստահիր, բայց փայտը ձեռքիցդ վայր մի դիր»: Մուրադն ասում է, որ իրենց մեջ էլ վախ կա, բայց դա չի կարող պատճառ դառնալ, որ թողնեն հողը. «Մեր հողն ա, մեր երկիրն ա, այստեղ ենք բնակվում, եթե մեռնում ենք, թող էստեղ մեռնենք: Պատերազմը ու՞մ է պետք, ո՞վ կարող է դրա դեմն առնել»: Եթե Երևանում քիչ թե շատ կրքերը հանդարտվել են ու մարդիկ վերադարձել են իրենց բնականոն կյանքին, ապա այստեղ պատկերն այլ է: Քառօրյա պատերազմի մասին Ստեփանակերտում բոլորն են խոսում: Քաղաքում շրջելիս հասկանում ես, որ մարդկանց հուզող միակ թեման պատերազմն է և մեր զոհերը: step 1 Լիլիթ Շաբոյան Ստեփանակերտ