«Չեմ կարողանում ներել. մեզ շպրտել են փողոց» (տեսանյութ)
Այսօր հերթական անգամ կառավարության մոտ էին հավաքվել Երևանի տարբեր հատվածների նախկին բնակիչներ։ Նրանք պահանջում են տարիներ առաջ պետական գերակա շահ ճանաչված և քանդված իրենց բնակարանների դիմաց լիարժեք փոխհատուցում։
«Երբ եկան մեր բնակարանները քանդելու, մենք նոր բնակարան էինք ուզում, փողից հրաժարվում էինք։ Բայց կոպեկներով մեզ հանել են դուրս։ Ես ունեցել եմ 125 քառ. մետր, որի համար ստացել եմ 46.000 դոլար, որից 20.000-ով տվել են երկու ամիսը մեկ։ Դե գնա դրանով տուն գնիր։ Հիմա մեր պայմանագրերը քաղաքապետարանի մոտ է։ Թող բացեն բոլորի պայմանագրերը, նայեն։ Հիմա ես փեսայիս, աղջկաս հետ եմ ապրում»,-նշեց Բուզանդ փողոցի նախկին բնակիչ Քնարիկ Առաքելյանը։
«45 տարի ապրում էի Տերյան փողոցում։ Փողը տվեցին քառակուսի մետրը 300 դոլարով։ 1000 դոլարի չափով վճարել են իրենց ծանոթներին, իսկ ով իրենց ծանոթը չէր, ծեծելով, ջարդելով, ստիպելով պայմանագրերը ստորագրել ենք, դուրս ենք եկել։ 12 տարի պայքարում ենք։ Ընտանիքիս կեսի համար տուն եմ գնել, կեսը մնացել է անտուն։ Քաղաքի կենտրոնում ապրած երեխան մնացել է անտուն»,-իր հերթին ասաց Տերյան փողոցի նախկին բնակիչ Ժենյա Պողոսյանը։
Բուզանդի 11 հասցեի նախկին բնակիչ Սաթենիկ Դավթյանն էլ նշեց, որ իր հետ ոչ մի պայմանագիր էլ չեն կնքել։ «Ամենամեծ տարածքը մերն է եղել այդտեղ. երկհարկանի տուն էր։ Հեռացել ենք հարկադիր կատարողների միջոցով։ Մենք չենք լքել մեր տունը. մեզ շպրտել են փողոց։ Ինչո՞ւ պետք է ես այդ ճակատագրին արժանանայի, երբ իմ ընտանիքն իրենց ընտանիքներից շատ ավելի բարձր մակարդակ ունի։ Դրա համար չեմ կարողանում ներել ոչ Քոչարյանին, ոչ Զախարյանին, ոչ Դավիթ Հարությունյանին, ոչ էլ այդ ժամանակվա դատախազությանը։ Այսօրվա դրությամբ մեր երեխաները գնացին, ճակատ կանգնեցին, իսկ ղեկավարությունն իմ նման մարդուն, իմ ընտանիքին և մյուսներին գցեց փողոց։ Ինչո՞ւ. նրանք մեզնից լավը չէին»,-ասաց նա։