ԶԼՄ-ները որպես բիզնես չեն կարողանում զարգանալ. Բ. Նավասարդյան (տեսանյութ)
Խոսքի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանին չի խանգարել 4 տեղով բարելավում արձանագրել անգամ 2015-ի երկու իրադարձության ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնություններն ու իրավունքների սահմանափակումների դեպքերը։ Խոսքը հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում և դեկտեմբերի 6-ին ընտրատեղամասերում, իշխանական ուժի շտաբերի մոտ տեղի ունեցած միջադեպերին է վերաբերում։ Ի դեպ, հետազոտությունն իրականացրել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի վստահեցմամբ՝ նախորդ տարիների համեմատ խոսքի ազատության վիճակը Հայաստանում մնացել է նույնը. «Կան նաև մտահոգիչ երևույթներ ևս՝ մենք հնարավորություն չենք տալիս, որ լրատվամիջոցները որպես բիզնես զարգանան։ Նրանք հույսը դնում են անհատական ներդրումների վրա»։ Սա, ըստ նրա, թուլացնում է ԶԼՄ-ներին։ Պարոն Նավասարդյանի պնդմամբ՝ հայկական հեռուստաեթերում կա մեկ մտահոգիչ հանգամանք. «Հեռուստաեթերում մեծ տեղ են զբաղեցնում ժամանցային և զվարճալի հեռուստահաղորդումները։ Դրա բացասական հետևանքը զգացվեց ապրիլի սկզբին Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձության ժամանակ, երբ հեռուստաընկերությունները ուշ կողմնորոշվեցին»։ Ըստ փորձագետի՝ այդ պատճառով էլ հասարակությունն ստիպված էր ինֆորմացիայի պակասը լրացնել համացանցային լրատվամիջոցների առանձին լրագրողների անհատական գործունեությանը հետևելով»։ Մանրամասները՝ տեսանյութում