Արա Գևորգյանն ընկերների հետ գումար կուղարկի Արցախ (տեսանյութ)
«Միասնությունը, որ այսօր ձեռք բերվեց, իհարկե, վատ առիթով համախմբվեցինք, համենայնդեպս, պետք է պահպանել դա։ Պետք է վայր դնել բոլոր կուսակցական դրոշակները և մտածել իսկապես մեր երկրի, ժողովրդի, բանակի մասին»,-այսօր Ծիծեռնակաբերդում ասաց հայտնի երաժիշտ Արա Գևորգյանը։ Նա նշեց, որ այս փորձությունը մենք անցել էինք 1992 թվականին։ «Ինքս էլ բախտ եմ ունեցել ներկա գտնվել, մասնակցել Բերդաձորի ջոկատում։ Կողմնակից չեմ մանավանդ այս տեսակ օրերին քննադատել, փնովել որևէ մեկին, մանավանդ՝ բանակի հետ կապված»,-ասաց նա։ Արդյո՞ք երաժիշտը կհանդուրժի տարածքների զիջում Ադրբեջանին, նա նշեց. «Պատմության ընթացքում մեզ անընդհատ փոքրացրել են։ Պետք է կարողանալ առիթը ճիշտ օգտագործել և ինչու ոչ, նաև ընդլայնվել»։ Պարոն Գևորգյանը ոչ միայն խոսում է Արցախի բարօրության մասին, այլև գործնական քայլեր իրականացնում. «Իմ արտասահմանցի գործընկերների հետ միասին հավաքել ենք 360.000 դոլար, որը մի քանի օրից կհասնի Արցախ։ Ուղղվելու է և զոհված ազատամարտիկների ընտանիքներին, և ընդհանուր՝ սոցիալական հարցերին»,-ասաց նա։