Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3000 հայերից 400-ը Չեռնոբիլից հետո մահացավ ճառագայթահարումից

Պաշտոնական
dfe84ff6-8a7b-4f9a-8bb0-5bbdd241987f

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր պարգևատրել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին գործուն մասնակցություն ունեցած Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այսօր լրանում է աշխարհի խոշորագույն տեխնածին աղետներից մեկի` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցը: Հազարավոր մարդիկ մասնակցեցին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին, այդ թվում նաև՝ Հայաստանի քաղաքացիներ: Աշխատանքներին մասնակցած մեր ավելի քան 3000 քաղաքացիներից,  ցավոք,  400-ից ավելին հետագայում մահացան ճառագայթահարման հետևանքով, իսկ շուրջ 2000-ը մինչ օրս գտնվում են մասնագիտացված բժշկական կենտրոնի դիսպանսեր հսկողության տակ:  Այդ մարդիկ մեր  մշտական ուշադրության ու հոգատարության կարիքն ունեն, և մենք գիտակցում ենք մեր պարտքն ու պատասխանատվությունը նրանց նկատմամբ: Կառավարությունն անում է և կանի հնարավորը «չեռնոբիլցիների» առողջապահական և սոցիալական խնդիրները լուծելու համար»: Վարչապետի խոսքով՝ այս օրն ունի ոչ միայն վթարի զոհերի հիշատակը ոգեկոչելու, այլև սթափեցնող, զգոնության կոչ ու ահազանգ հնչեցնող նշանակություն: «Այսօր` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցի օրը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր, չխնայելով իրենց կյանքն ու առողջությունը, շտապել են աղետի գոտի` օգնության ձեռք մեկնելու բարեկամ ժողովուրդներին», -  ասել է Հովիկ Աբրահամյանը և շնորհակալություն հայտնել նաև Հայաստանի «Չեռնոբիլ» ասոցիացիային, որն ավելի քան 25 տարի  Հայաստանում և ԱՊՀ երկրներում ներկայացնում է մեր երկրում բնակվող «չեռնոբիլցիների» խնդիրները, շահերը և զբաղվում է նրանց սոցիալական ու առողջապահական հարցերով: Հայաստանի Հանրապետությունում Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում՝ վթարի հետևանքների վերացման, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական ու ծառայողական պարտքի կատարման և հայրենիքին մատուցած ծառայությունների համար Լև Արտիշչևը,  Վլադիմիր  Սոկոլյանը, Երեմ  Ավագյանը, Գևորգ  Մելքոնյանը և Գևորգ  Վարդանյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, իսկ Գեորգի  Վարդանյանը, Յուրա  Ղուլյանը, Ռուբեն  Ղարագադյանը, Սիրեկան  Պետրոսյանը, Մուրադ  Մուրադյանը, Արթուր  Հարությունյանը, Սիմոն  Իրիցյանը,  Մարտին  Օհանյանը, Տիգրան  Կարապետյանը և Հովիկ  Թաթոյանը խրախուսվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով: Հայաստանի «Չեռնոբիլ» ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Գևորգ Վարդանյանը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական ու ծառայողական պարտքի կատարման և հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրված ՀՀ քաղաքացիների անունից շնորհակալություն է հայտնել՝ պետական հոգածության, սոցիալական և առողջապահական աջակցության, ինչպես նաև իրենց խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: